«ՌԻԱ Նովոստի». Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ
Քաղաքական
11:00 01/10/2019
Հայաստան

«ՌԻԱ Նովոստի». Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ

Սինգապուրի հետ եզակի համաձայնագիր, Իրանի համար պատմական իրադարձություն և Արևմուտքի ցավոտ արձագանքը Սերբիայի կողմից իր արևելյան գործընկերների հետ պայմանագրերին։ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի բացումն արդեն իսկ  շատ նորություններ է բերում: Երևանում կայանալիք գագաթնաժողովին ուշադրությունը սևեռվել է ևս մեկ պատճառով՝ ԵԱՏՄ-ն շուտով կդառնա հինգ տարեկան: Այս մասին գրում է «Ռիա նովոստին»։

Նոր հյուրեր

Ինչպես գրում է կայքը, այս տարի Հայաստանի մայրաքաղաքում հավաքվելու են ոչ միայն Միության անդամ երկրները, այլ նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որի երկիրը նախորդ տարի ստացավ դիտորդի կարգավիճակ ԵԱՏՄ-ում, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին։

«Բայց նրանք առանձնակի հետաքրքրությամբ են սպասում Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նախագահի նախորդ ուղևորությունը Երևան տեղի է ունեցել գրեթե երեք տարի առաջ` 2016թ․-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին: Եվ քանի որ Հայաստանում տեղի ունեցավ, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն, որի արդյունքում իշխանությունը փոխվեց, առաջնորդների բոլոր երկկողմ հանդիպումները տեղի են ունեցել կամ Մոսկվայում, կամ միջազգային հարթակներում։ Հետևաբար, քաղաքական էլիտան և հասարակ մարդիկ սպասում են Պուտինի ներկայիս այցին, որոնց համար Ռուսաստանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է»,-գրում է կայքը ու հավելում, որ չնայած նրան, որ այս այցը հիմնականում կապված է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքներին մասնակցելու հետ, Պուտինը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի առաջնորդ Հասան Ռուհանիի հետ:

Հետաքրքիր է համարվում այն, որ ըստ, The Washington Post-ի, Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին պետք է գար Երևան: Բայց նա, իբր, հրաժարվել է՝ իմանալով, որ Պուտինի հետ նույն տեղում է լինելու: Սակայն, ինչպես նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ռուսական կողմը «ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցության կամ նրա մասնակցությունը չեղարկելու մասին»:

Նշվում է, որ հոբելյանական գագաթնաժողովի օրակարգում են ավանդական հարցեր՝ առևտրի խոչընդոտների վերաբերյալ: Մասնակիցները նաև պետք է հաստատեն Համատեղ ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, Միության 2020 թվականի բյուջեն և տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտում օրենքների հարաբերակցությունը:

Համագործակցություն Սինգապուրի հետ

Կարևորվում է Երևան Սինգապուրի վարչապետի այցը, որի շրջանակներում ստորագրվելու է ազատ առևտրի համաձայնագիրը Սինգապուրի ու ԵԱՏՄ-ի միջև։ Ազատ առևտրային գոտու ստեղծման հարցը քննարկվելու է նաև Իրանի հետ․ գագաթնաժողովի մեկնարկից օրեր առաջ ավարտվել է ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները։ ՌԴ-ում Իրանի դեսպանն այն անվանել է «պատմական» ու նշել, որ այն շատ կարևոր  համաձայնագիր է, որը մեծ օգուտ կբերի երկրների տնտեսություններին։ Ժամանակավոր համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 27-ին ու ուժի մեջ կմնա 3 տարի։

Եվրասիական գոտի

Հոկտեմբերին ուժի մեջ է մտնում ևս մեկ համաձայնագիր՝ Չինաստանի հետ։ Փաստաթուղթը կհեշտացնի առևտրի ընթացակարգերը և կխթանի այլ նախագծերի իրականացումը, մասնավորապես, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»։

Պանիր, ալկոհոլ ու ծխախոտ

Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի վերջին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սերբիայի կառավարության փոխվարչապետ Ռասիմ Լյայիչը, դա տեղի կունենա Մոսկվայում ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը:

Բելգրադը նախատեսում է ԵԱՏՄ երկրներ արտահանումը մեծացնել 1 միլիարդից մինչև 1,5 միլիարդ դոլարի: Համաձայնագիրը ստորագրելուց հետո Սերբիան կունենա նոր գործընկերներ՝ Հայաստան և Ղրղզստան: Սերբիայի հետ ազատ առևտրի գոտին արդեն գործում է Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Չհարկվող ապրանքների ցանկը կընդլայնվի. այն կներառի այծի և ոչխարի պանիրը, ևս 400 տոննա կովի պանիր, ինչպես նաև 90 հազար լիտր սերբական կոնյակ՝ վինյակ, և երկու հազար տոննա ծխախոտ:

Նշվում է, որ այս մտադրությունը բավականին ցավոտ արձագանք ունեցավ Սերբիայի այլ գործընկերների կողմից: Սլովակիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը «չի մոտեցնում Սերբիան Եվրամիությանը» ու հավելել, որ երկիրը չի կարող միաժամանակ մի քանի ուղղություններով շարժվել։

Համագործակցություն Եգիպտոսի ու Իսրայելի հետ

2019թ-ին նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, որի բանակցությունները սկսվել են 2018 թվականից, բայց երբ կսկսվի իրական աշխատանքը, դեռևս պարզ չէ:

Իսրայելի հետ ևս համաձայնեցվում են ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ գործընթացը պետք է արագացվի: Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի առևտրի խոչընդոտների վերացմանը, էլեկտրոնային առևտրի զարգացմանը։

Placeholder
«ՌԻԱ Նովոստի». Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ