«Իրականում առասպելները  շատ ավելի մոտ են, քան կարծում ենք». ժամանակակից արգոնավորդները Հայաստանում
Մշակույթ
19:34 03/10/2019

«Իրականում առասպելները շատ ավելի մոտ են, քան կարծում ենք». ժամանակակից արգոնավորդները Հայաստանում

«Այս ներկայացումը հայացք է, թե ինչպես ենք պատմությունները պատմելու և վերապատմելու միջոցով կառուցում մեր անհատական և կոլեկտիվ ինքնության զգացողությունը: Դա ներկայացում է առասպելականի և աշխարհիկի մասին, և թե ինչպես դրանք իրականում շատ ավելի մոտ են, քան կարծում ենք»,-նախօրեին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի   ունեցած  «Արգոնավորդները» ներառական պարային ներկայացման պրեմիերայի  մասին նշել է «Լոսթ Դոգ« պարարվեստի թատրոն գեղարվեստական ղեկավար Բեն Դյուկը: 

Նշենք, որ ներկայացումը  միավորել էր հաշմանդամություն ունեցող և չունեցող, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ արտիստների Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Միացյալ Թագավորությունից:«Արգոնավորդները»  բեմադրվել էր Միացյալ Թագավորության «Քենդուկո» ներառական պարային խմբի, «Լոսթ Դոգ», պարարվեստի թատրոնի և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ և ամփոփում էր «Պար` առանց սահմանների» նախագծի չորսամյա գործունեությունը տարածաշրջանի երկրներում: 20 րոպե տևողությամբ բեմադրությունը առասպելական հայտնի պատմության վերարտադրումն է՝ խոսքի, պարի և շարժումների միջոցով:  Ներկայացումը հայ հանդիսատեսին ցուցադրվեց «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում։

«Անչափ ուրախ ենք «Հայֆեստ» փառատոնի շրջանակում հյուրընկալելու «Քենդուկո» պարային խմբին, որին հայ հանդիսատեսը ծանոթ դեռևս 2013 թ-ից, երբ նրանց  և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում ստեղծվեց առաջին ներառկան պարային խումբը: Խումբը մինչ օրս գործում է Երևանի Փոքր Թատրոնին կից և պարբերաբար ներկայացումներ է բեմադրում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային բեմահարթակներում: Այս հիանալի նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող արտիստներին արվեստի միջոցով բացահայտել իրենց ներուժը, ինչպես նաև կոտրել արվեստի և հաշմանդամության մասին առկա կարծրատիպերը», - ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:



Նախագծի մասին
«Պար` առանց սահմանների» նախագիծը արվեստի և հաշմանդամության ներառական ծրագիր է, որի հիմքում ընկած է համընդհանուր այն գաղափարը, որ անկախ ծագումից կամ ֆիզիկական կարողություններից մեծ երազանքներ ունեցողների համար գոյություն չունեն սահմաններ։  Ծրագիրն այժմ ներառում է սեմինարներ, կրթական ֆորումներ և կենդանի ներկայացումներ` հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստների կատարմամբ։ 2015 թ-ին իր մեկնարկից ի վեր, այս ծրագիր զգալի ազդեցություն է ունեցել արվեստի և թատրոնի ասպարեզում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի վրա։

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ հասանելի են հղմամբ:

Placeholder
«Իրականում առասպելները շատ ավելի մոտ են, քան կարծում ենք». ժամանակակից արգոնավորդները Հայաստանում