Չարխչյանի «Անժամանակ» ժամանակները
Մշակույթ
09:00 07/10/2019
Հայաստան

Չարխչյանի «Անժամանակ» ժամանակները

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ներկայացրել է իր նոր՝ «Անժամանակ» պատմվածքների ժողովածուն: Panorama.am-ին  Հ.Չարխչյանը պատմեց, որ «Անժամանակ» գիրքն իրենից ներկայացնում է 55 պատմությունների մի ամբողջական ժողովածու:

«Դրանք հանրությանը քիչ հայտնի կամ անհայտ դեպքերի ու իրադարձությունների շարադրանք են, որոնք հնարավորություն են տալիս նոր հայացքով դիտել ու գնահատել մեր պատմության այս կամ այն դրվագը»,- նշեց գրողը:

Գիրքը մի քանի տարիների աշխատանքի, որոնումների, պրպտումների արդյունք է: Հեղինակի խոսքով, ընթերցողն այնտեղ կգտնի վավերագրեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ, կկարդա մեր մեծերի կյանքին վերաբերող այնպիսի փաստեր, որոնք առ այսօր չեն լուսաբանվել:

«Իսկ ընդհանուր առմամբ սա գիրք է մարդու ժամանակի և ժամանակի մարդու մասին: Մարդն ինքն է կերտում իր ժամանակը և այդ ժամանակի մեջ իր հետքը թողնելով դառնում է իր ապրած տարիների որակական նկարագրի և իմաստավորման երաշխավորը: Այդ պատճառով էլ գիրքը վերնագրված է «Անժամանակ», այսինքն բոլոր ժամանակների համար` առանց չափման միավորների, առանց կոնկրետացման, քանի որ կան արժեքներ, որոնք ընդհանուր են բոլորի համար` անկախ այն բանից, թե երբ, որ սերնդի կողմից կամ որ դարերում ենք դրանք դրսևորվում»,- ասաց Հովիկ Չարխչյանը:

 

Placeholder
Չարխչյանի «Անժամանակ» ժամանակները