Հայ աշակերտներն ունեն բավարար գիտելիքներ նորարարություններ ներկայացնելու համար. Արայիկ Հարությունյան
Կրթություն, գիտություն
15:30 07/10/2019
Հայաստան

Հայ աշակերտներն ունեն բավարար գիտելիքներ նորարարություններ ներկայացնելու համար. Արայիկ Հարությունյան

Հայ աշակերտներն ունեն բավարար գիտելիքներ նորարարություններ ներկայացնելու համար։ Այս մասին այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ աշակերտները կունենան 21-րդ դարին հատուկ կրթություն։ 

Սակայն, ըստ նախարարի, դա բավարար չէ և կարծում է, որ պետք է զարգացվի ընդհանուր հանրակրթական համակարգը։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս տարվա ընթացքում արդեն իսկ ծրագրեր են իրականացնում, և դպրոցների շուրջ 50%-ը կունենան ինժեներական լաբորատորիաներ, ինչը միջնաժամկետ կտրվածքով հսկայական ազդեցություն է ունենալու կրթական ոլորտի վրա:

Նրա խոսքով՝  հաջորդ տարի ջանքեր կգործադրեն, որպեսզի նման լաբորատորիաներ ունենան մնացած 50 տոկոս դպրոցներում և, ըստ էության, ցիկլը փակված կհամարեն։

Նշենք, որ միջոցառման շրջանակում բացված ցուցահանդեսում նախարարությունն իր տաղավարում ներկայացրել է կրթական նորարարությունները։ Մասնավորապես, ներկայացված են «Թումո» ստեղծարար կենտրոնը, «ԱՅԲ» դպրոցը, ԵՊՀ-ն, «Արմաթ» լաբորատորիաները և այլն։
Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ վերոնշյալ ծրագրերը կյանքի կոչելուց հետո 3-5 տարվա ընթացքում նախարարության տաղավարը բավարար չի լինելու նորարարությունները ներկայացնելու համար:

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովին՝ նախարարն ասաց, որ նմանատիպ միջոցառումները միջոց են՝ ամփոփելու այն, ինչ ունենք, ինչպես նաև այն հնարավորություն է տալիս նոր կապեր հաստատել և դրանով ավելի զարգացնելու կրթական ծրագրերը։

Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության որակին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջատար շատ ընկերություններում այսօր աշխատում են հայաստանյան բուհերն ավարտած ուսանողներ։  «Ասել, թե մակարդակը բավարար է, և բոլոր ուսանողները, որոնք ավարտում են տեխնոլոգիական բուհեր կամ ֆակուլտետներ, պատրաստ են այդ ընկերություններում աշխատելու, ճիշտ չէ։ Բայց ունենք այնպիսի ֆակուլտետներ, որ մինչև ավատելը ուսանողներն իրենց տեղն են գտնում ամենազարգացած ընկերություններում»,- ընդգծեց նա։

Նա միաժամանակ նշեց, որ բարելավելու շատ տեղ ունեն. «Մեր խորին համոզմունքն է, որ բուհերում լավագույն մասնագետներ պատրաստելու համար առաջին հերթին պետք է հիմքեր ստեղծենք հանրակրթության ոլորտում, ինչը և անում ենք»։

Placeholder