Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանն ինձ՝ որպես Գլխավոր շտաբի պետ,  որևէ մի հրաման չի տվել
Իրավունք
13:25 07/10/2019
Հայաստան

Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանն ինձ՝ որպես Գլխավոր շտաբի պետ, որևէ մի հրաման չի տվել

«Ինձ համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 

Նա նշեց, որ կարելի է շարունակել քննությունը՝ թույլ տալով  ՀՀ երկրորդ նախագահին գտնվել ազատության մեջ, առավել ևս նա ցույց է տվել, որ կատարում է այն պահանջները, որոնք դնում են նրա առջև, համարձակ, հանգիստ գնացել ու ներկայացել է։  Ս. Օհանյանի կարծիքով, եթե  Ռ. Քոչարյանը լիներ ազատության մեջ, ոչ մի բանով չէր կարող խոչընդոտել, առավել ևս, որ նախաքննական մարմինն իր գործը կատարել է։

«Այն մարդիկ, որոնք տարբեր տիպի իրադարձությանը համապատասխան ցուցմունքներ են տվել, այդ ցուցմունքների տերն են, չեմ կարծում, թե նա կարող է նրանց հետ առնչություն ունենալ, ինչ-որ կերպ ազդել։  Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված 1000 զինծառայողի հետ որևէ մի առնչություն չի ունեցել։ Ես ամենամոտ մարդկանցից  մեկն եմ եղել որպես Գլխավոր շտաբի պետ։ Ռոբերտ Քոչարյանը Գլխավոր  շտաբի պետին՝ այսինքն ինձ,  որևէ մի հրաման չի տվել, առավել ևս մնացածին»,- ասաց Ս. Օհանյանը։

Հարցին հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը, կմիանա՞ք դուք կամ որևէ ազդեցություն այն կունենա՞, Ս. Օհանյանը պատասխանեց. «Այն հասարակական, քաղաքական գործիչները, որոնք գնահատում են իրադրությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկում են»։

Նա տեղեկացրեց, որ վաղը գնալու է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն, որպեսզի  թույլ տան մեկնել Գերմանիա։

«2011 թվականին ձեռք եմ բերել պրոթեզ, նվիրել են, դրանից հետո երեք անգամ՝ երկու տարին մեկ, մեկնել եմ սպասարկման։ Այնպիսի պրոթեզ է, որի սպասարկումն իրականացվում է  միայն Գերմանիայում։ Պետք է մեկնել։ Կմեկնեմ մի քանի օրով և հետ կվերադառա։ Վաղը գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն, կարծում եմ՝ այն փաստաթղթերը, որ ներկայացրել եմ, թույլտվություն կլինի»,- ասաց Ս. Օհանյանը։

Հիշեցնենք, որ դատարանը թույլ է տվել «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հանրապետությունից բացակայի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը։

Placeholder
Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանն ինձ՝ որպես Գլխավոր շտաբի պետ, որևէ մի հրաման չի տվել