WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ
ՏՀՏ-ն Հայաստանում
18:36 07/10/2019
Հայաստան

WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Այս մասին  հայտնում են  ՀՀ Կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից: 

Պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ էր: «Infosys» ընկերությունն զբաղվում է էլեկտրոնային առևտրի և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակմամբ և խորհրդատվության տրամադրմամբ:

Կառավարության ղեկավարը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանում և կարևորել ՏՏ ոլորտի նման հեղինակավոր կազմակերպության ղեկավարի մասնակցությունը Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսին, ինչը երկկողմանի լավ հնարավորություն է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

 Վարչապետը խոսել է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը տրվող կարևորության մասին և ընդգծել՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն և հետևողական քաղաքականություն է իրականացնում Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու, մասնավորապես, կրթական ենթակառուցվածքները զարգացնելու և տաղանդավոր մարդկանց համար համապատասխան էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ: «Մենք կրթությունը համարում ենք մեր երկրի զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը և ներկայում առաջ ենք շարժվում կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Մեր ՏՏ ոլորտը կայուն զարգանում է՝ տարեկան 20-25 տոկոսանոց աճ գրանցելով և մեծացնելով մեր երկրի գրավչությունը: Նաև հարկային լայն արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում և ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:

Վարչապետը ողջունել է «Mubadala Investment» ընկերության պատվիրակության մասնակցությունը նման կարևոր միջոցառմանը, ինչը գործընկերության հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Կառավարության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունների մասին, նշել, որ լուրջ քայլեր են իրականացվել համակարգային կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ, ինչը մեծ կարևորություն ունի ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու առումով: «Մեր ռազմավարությունն է՝ Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, որտեղ հսկայական ներուժ կա: ՏՏ ոլորտը մեր երկրում դինամիկ զարգանում է, մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը ևս հետաքրքիր է մեզ համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում գործընկերության հնարավորությունների մասին:

Placeholder
WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ