Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանը հայտարարեցին Highconnect՝  «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին
Տնտեսություն
17:24 08/10/2019
Հայաստան

Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանը հայտարարեցին Highconnect՝ «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին

«WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակներում Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը հայտարարեցին «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին։ Պլատֆորմը կկոչվի «Highconnect»։

«Դա կլինի առցանց պլատֆորմ։ Դատելով անվանումից` դա մի կողմից բարձր կապ է, մյուս կողմից` հայկական»,- ասաց Սերժ Թանկյանը։

Նրա խոսքով՝ իրենց ուժերը, հնարավորությունները կօգտագործեն այս պլատֆորմի համար, որպեսզի ամբողջ աշխարհի հայերը՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում, օգտվեն այս կապից և բարգավաճեն ու հաջողության հասնեն։

«Այս նախագծի ստեղծման մասին քննարկել ենք մի ամբողջ տարի, բոլորս ունենք փորձ և այն կներդնենք այս գաղափարի իրագործման համար։ Մենք՝ հայերս, արժանի ենք սրան։ 10 միլիոնով տարածված ենք 180 և ավելի երկրներում, մեզ պետք է կապ ունենալ և այս առցանց պլատֆորմը հնարավորություն կտա ամբողջ աշխարհի հայերին միավորել, ճանաչել և համագործակցել»,- նշեց Սերժ Թանկյանը։

Ալեքսիս Օհանյանն էլ ասաց, որ սա բավական հուզիչ պահ է։ Ըստ նրա՝ ինքը, Սերժ Թանկյանը, Էրիկ Իսրայելյանը հասկացել են, որ իրենք մեծ հնարավորություններ ունեն և պետք է դա օգտագործեն։

Նշենք, որ պլատֆորմի ստեղծման գաղափարակիցներից է նաև «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Իսրայելյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ հայտարարեց նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մեկնարկի մասին, որը կկառուցվի «Highconnect»-ի պլատֆորմի վրա: Այն ենթադրում է, որ Հայաստանում գոյություն ունեցող և ստեղծվող ցանկացած ընկերություն հնարավորություն է ունենալու հայկական սփյուռքի և «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի օգնությամբ ունենալու ուղիղ կապ աշխարհի շուկաների և աշխարհի էկոհամակարգային բաղադրիչների հետ՝ սկսած տաղանդի ներհոսքից մինչև նրա ստեղծածի վերջնական արդյունքի արտահանումը՝ ամբողջական շղթայի ապահովումն իրականացնելու համար։

«Վիրտուալ կամուրջը թույլ կտա կազմակերպություն հիմնել այստեղ, խոսքը վերաբերում է ոչ միայն հայերին։ Մենք պետք է մտածենք, պետք է երկրներին ասենք՝ եկեք Հայաստան, քանի որ այս հնարավորությունը Հայաստանում կա, և մենք ձեզ համար լայն հնարավորություն կբացենք»,- ասաց նախարարը։

Placeholder
Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանը հայտարարեցին Highconnect՝ «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին