Ֆիզիկոս Սթիվ Հսյու. Արհեստական բեղմնավորմամբ լուծվում է սաղմի ընտրության խնդիրը
Տնտեսություն
14:24 09/10/2019
Հայաստան

Ֆիզիկոս Սթիվ Հսյու. Արհեստական բեղմնավորմամբ լուծվում է սաղմի ընտրության խնդիրը

Տեխնոլոգիաներն ու գենոմիկան շուտով հիմնովին կվերափոխեն առողջապահությունը, գյուղատնտեսությունը և անգամ, որքան էլ հակասական է, մարդկային վերարտադրողականությունը: Տեխնոլոգիաները խոստանում են լավագույնս օգնել մարդկությանը՝ կանխելու հիվանդությունները, օգնելու մարդկանց՝ ապրել առողջ ու երկար:

Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում քննարկվող թեմաներից մեկն էր «Երբ արհեստական ինտելեկտը հանդիպում է գենոմիկային»:

«Այսօր ծնվող երեխաների զգալի հատվածը լույս աշխարհ է գալիս արտամարմնային բեղմնավորման միջոցով: Զարգացած երկրներում, այս առումով առաջատարներից է Դանիան, արտամարմնային բեղմնավորմամբ երեխաները մոտ 10 տոկոս են կազմում, մյուս զարգացած երկրներում այն 3-ից 6 տոկոս է»,-այս մասին պանելային քննարկմանը հայտարարեց  ամերիկացի ֆիզիկոս Սթիվ Հսյուն:

Ըստ Հսյուի, այս մեթոդի օգնությանը դիմող ծնողները սաղմի ընտրության խնդիրը լուծում են լավագույն  ձևով:

«Սաղմի ընտրության խնդրի լուծում նշանակում է, որ տիպիկ իրավիճակում ընտանիքը կունենա շատ սաղմեր՝ դրանցից ընտրություն կատարելու համար: Տեխնոլոգիան նրա համար է, որ այդ որոշումը գնալով դառնա ավելի ու ավելի արդյունավետ: Եվ այստեղ մենք խոսում ենք հատուկ գենետիկ կարողությունների մասին, ինչը նշանակում է, որ ես կարող եմ ձեռք բերել յուրաքանչյուր սաղմի գենետիկ տիպը  նույն ճշգրտությամբ, որը մենք կարող ենք ստանալ լաբորատորիայում մեծահասակից: Սա նշանակում է, որ բոլոր կանխատեսումները, որոնց մասին մենք խոսում ենք, կարող են իրականացվել սաղմի համար»,-ասում է Սթիվ Հսյուն:

Հսյուի խոսքերով, տարբեր երկրներում հարցումները ցույց են տվել, որ ծնողները բարոյական են համարում իրենց սաղմի համար իմանալ նրա առողջական հարցերը և էթիկապես նորմալ է չընտրել այն սաղմը, որը կարող է առողջական խնդիրներ ունենալ, օրինակ Դաունի սինդրոմ:

«Շատ երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում ծնողների 60 տոկոսը կարծում է, որ մտավոր կարողությունների առումով կատարված ընտրությունը ևս նորմալ է, իսկ Ասիայում 85-90 տոկոս ծնողներն են մտավոր կարողություններով առավել զարգացած սաղմին առաջնայնություն տալիս»,-ասում է Շուն՝ հավելելով, որ այստեղ արագորեն զարգանում են տեխնոլոգիաները, շուկայի պահանջարկն է արդեն առկա:

«Ապագան շատ հետաքրքիր է լինելու»,-ասաց Սթիվ Հսյուն:

Placeholder
Ֆիզիկոս Սթիվ Հսյու. Արհեստական բեղմնավորմամբ լուծվում է սաղմի ընտրության խնդիրը