Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին
Կրթություն, գիտություն
11:19 11/10/2019
Հայաստան

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

Մատենադարանում ընթանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողով: Այն կազմակերպել է Հովհաննես Թումանյանի թանգարանը: Գիտաժողովի բացմանը թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ գիտաժողովը հնարավորություն է տվել ավելի լայն շրջանակով ուսումնասիրել Թումանյանի գործունեության մի բնագավառ՝   հեքիաթ, հեքիաթի թարգմանություն:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։ Միջազգային գիտաժողովը և ցուցահանդեսը իրականացվում է աջակցությամբ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի» շրջանակում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյան-Թուխիկյանն ասաց, որ Հայաստանը պետք է մեծ շուքով նշեր երկու հսկաների՝  Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանը, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի միացումը  հոբելյանների գործի հիշատակմանն ու հանրայնացմանն առանձնակի նշանակություն ունի:

«Այսօր  աշխարհի տարբեր անկյուններից եկած հյուրերի հետ յուրահատուկ կամուրջ ենք կառուցելու Արևելքի և Արևմուտքի միջև,  թերևս ամենահումանիստական և ամուր կամուրջ, որի նյութը գրականության և բանահյուսության ամենախորհրդավոր տեսակն է՝ հեքիաթը, ու նաև մարդկային ստեղծարարության կարևորագույն, գուցե ամենից բարդ դրսևորումը՝  թարգամանությունը: Թարգմանության որակից է կախված թե աշխարհի ժողովուրդներն  իրենց բազմազանությամբ, մշակույթներով, ենթամշակույթներով ինչպես  կկիսվեն իրենց մշակութային ժառանգությամբ, ինչպես կհարսատանա  մյուսների շնորհիվ»,- ասաց նա:

Placeholder