WCIT-2019-ի անցկացմամբ Հայաստանը կդիրքավորվի աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա. Կարեն Վարդանյան
Տնտեսություն
15:37 11/10/2019
Հայաստան

WCIT-2019-ի անցկացմամբ Հայաստանը կդիրքավորվի աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա. Կարեն Վարդանյան

Երևանում կազմակերպված «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը կարևոր իրադարձություն էր թե Հայաստանի, թե աշխարհի համար։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝  «WCIT 2019»-ից հետո չի բացառվում, որ շատ ընկերություններ հետաքրքրվեն Հայաստանում ներդրումներ անելով, սակայն, ըստ նրա, այն ոչ թե ներդրումային, այլ ապագայի տեսլականի կոնֆերանս էր։

«Համաժողովի ժամանակ աշխարհի ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ, մեծ հաջողության հասած մարդիկ խոսում են ապագային միտված ծրագրերի մասին, ներկայացնում են իրենց գաղափարները, որոնք հնարավոր է իրականացնել ապագայում։ Եւ ամեն տարի հավաքվում  են ու քննարկում, թե ինչպիսին են ուզում տեսնել ՏՏ ոլորտը 10, 20 տարի հետո»,- նշեց Կարեն Վարդանյանը։

ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենն անդրադառնալով Հայաստանում կազմակերպված ՏՏ համաշխարհային համաժողովին՝ ասաց, որ այն կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար. «Մեր երկրում  համաժողովի անցկացումը Հայաստանին հնարավորություն է տալիս դիրքավորվել  աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա։ Ինչքանով մեր դիրքը կամրապնդվի համաշխարհային ՏՏ ոլորտում,  դա կախված է նաև նրանից, թե ինչպես կաշխատենք։ Ամեն մարդ իր գործը պետք է անի։ Ով ճիշտ գործ կանի, նա էլ կամրապնդի իր դիրքերը տեխնոլոգիական քարտեզում»։

Կարեն Վարդանյանը նշեց նաև, որ այսօրվանից պետք է պատրաստվեն հաջորդ տարվա  համաժողովին։

«Մենք շահագրգիռ ենք, որ ցանկացած համաժողով, որտեղ էլ այն անցկացվի, հաջող ընթացք ունենա»,- ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը։

 

Placeholder
WCIT-2019-ի անցկացմամբ Հայաստանը կդիրքավորվի աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա. Կարեն Վարդանյան