Այսօր Հայաստանում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր ու իշխանամետ գործարարների. վարչապետ
Տնտեսություն
12:07 12/10/2019
Հայաստան

Այսօր Հայաստանում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր ու իշխանամետ գործարարների. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում մեկնարկած  «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովին։ Նախատեսվում է, որ  համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:

Վարչապետն իր ելույթում նշեց, որ համաժողովները շարունակում են իրենց երթը Հայաստանում և լավ առիթ է համաժողովների ժամանակ խոսել ընթացիկ տնտեսական իրավիճակի մասին :

Խոսելով տնտեսության վիճակը բնութագրող ցուցանիշի մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  այս տարի կունենանք մոտ 7% տնտեսական աճ։

«Դա  բավական բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում, և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է և 7% աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է  մեզ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են, և կարող են դառնալ իրականություն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ այդ մասին  են վկայում  նաև եվրոբոնդերի նոր թողարկման հաջողությունը, որը Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի առումով չափազանց կարևոր էր:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանը վերափոխող մեգանախագծերի ստեղծումը՝ նշելով, որ այսօր դրանց համար ֆինանսական հնարավորություն կա:

«Հայաստանի Հանրապետությունն այս տարի կամփոփի միջազգային պահուստների առումով պատմական ռեկորդային ցուցանիշով: Այսինքն՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: Սա նույնպես կարևոր արդյունք է, որը վկայում է նաև մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին»,-  ընդգծեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով՝ Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում, այսինքն՝ Հայաստանի շուկայում 9 ամիսների արդյունքներով 433 մլն դոլար հավելյալ արտարժութային միջոցներ են հայտնվել:  Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա կապված է հիմնականում զբոսաշրջության աճի հետ, և չափազանց մեծ և նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքացիների համար:

Վարչապետը նաև ասաց, որ եվրոբոնդերի թողարկումից հետո միջազգային տնտեսական հանրության գնահատումներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը Հայաստանում տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:

«Ես չեմ ուզում սա ձևակերպել որպես հաջողություն, քանի որ հաջողություն ասելով՝ մենք բոլորովին այլ բան նկատի ունենք, մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ասաց, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործընկերություն՝ Կառավարության և բիզնեսի միջև: Վարչապետը վստահեցրեց, որ բիզնեսի համար ստեղծված են բոլոր հնարավորությունները։

«Հայաստանում այսօր չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր և իշխանամետ գործարարների: Գործարարների շրջանում  մենք չունենք ընդհանրապես թշնամիներ։ Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը: Մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված»,- հայտարարեց  վարչապետը:

Նա նաև ընդգծեց, որ իր կառավարության գործունեության՝ 1,5 տարվա ընթացքում չունեն սեփականության վերաբաշխման որևէ դեպք:

«Ցանկացած գործարար, ով քարը քարի վրա է դնում, օրենքի շրջանակներում է գործում, հարկ է վճարում, ՀՀ կառավարությունը պետք է ամուր կանգնի այդ գործարարի թիկունքում՝ անկախ նրա քաղաքական հայացքներից, համակրանքներից և հակակրանքներից»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ կարևոր գործոնն անհատական ջանքն է, որը բերելու է տնտեսական հեղափոխության. «Աղքատության հաղթահարման միջոցը տեսնում ենք այն, որ մեր քաղաքացիներին քաջալերենք, նրանք զրոյից  բիզնես ստեղծեն և ոտքի կանգնեն։ Բարեգործության այն մոդելը, որ երկար տարիներ կիրառվել է հայաստանում, դա դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ հակառակը՝ խանգարել»։ 

Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի. «Հեղափոխության իմաստը սա է»:

Placeholder
Այսօր Հայաստանում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր ու իշխանամետ գործարարների. վարչապետ