«Մենք ուզում ենք կանխարգելել  տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը»
Առողջություն
11:48 15/10/2019
Հայաստան

«Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը»

Երևանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊԸ –ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում:

«Հակատուբերկուլյոզային դիսպանսերը համարվում է առանցքային գործունեության օղակ ողջ քաղաքի հակատուբերկուլյոզային ծառայության համար: Հակատուբերկուլյոզային դիսպանսեր փորձում են մասնատել, մտցնել պոլիկլինիկաներ: Առողջապահության նախարարության կողմից փորձ է արվում իրականացնել հիվանդակենտրոն ծրագիր, նպատակն է  ծառայությունը մոտեցնել հիվանդներին: Բայց այստեղ շատ լուրջ հարց կա՝  մոտեցնելով ազգաբնակչությանը, այդտեղ վարակի տարածման խնդիր կա, որովհետև մարդիկ պետք է հետազոտվեն նույն կաբինետներում՝ և առողջները, և հիվանդները, և ծերերը, և երեխաները»,-   Panorama.am –ի հետ զրույցում ասաց  «Հակատուբերկուլյոզային դիսպանսերի»  ֆիզիատոր Անուշ Ալավերդյանը:

Նա նշեց, որ պոլիկլինիկաներում աշխատող տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներից որևէ մեկը չի համապատասխանում էպիդեմիոլոգիական  նորմերին. «Օրենքով պետք է լինի 14 քառակուսի մետրից ոչ պակաս, սակայն այսօր 7-8 քառակուսի մետր սենյակում նստում են 3 բժիշկ, այդտեղ մտնում է հիվանդ, որի մոտ կասկածվում է, մտնում է երեխա, մտնում է արդեն տուբերկուլյոզով հիվանդ մարդ»:

Ա. Ալավերդանի խոսքով, նման որոշում են կայացնում՝ մտածելով, որ Հայաստանում տուբերկուլյոզը վերանում է, ներկայացնում են թվեր, որ  նվազել է հիվանդությունը, բայց նման բան չկա: Նա նշեց, որ իրենց մոտ տարեկան հետազոտվում է 5000 մարդ՝ խորհրդատվության նպատակով:

«Ինչպես եք պատկերացնում՝ քաղաքային ծառաությունը փակվում է, այդ խորհրդատվության համար մարդիկ հասնում են Աբովյան: Ավելի նպատակահարմար չէ՞ քաղաքն ունենա իր ծառայությունը»,- ասաց նա:

Ա. Ալավերդյանի խոսքով, իրենց պահանջն է՝ չփակել Երևանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊԸ-ն, քաղաքային դիսպանսերին միավորվի ողջ քաղաքի հակատուբերկուլյոզային ծառայությունը: Նա նշեց, որ «Հակատուբերկուլյոզային դիսպանսերը» փակելու  դեպում 70-73  մարդ մնում է  անգործ:

«Մենք սատար չենք կանգնել մեր վարչապետին, որպեսզի այսօր հերթով գործազուրկների քանակն ավելանա: Սակայն սա երկրորդ խնդիրն է, առաջինը՝ կանխարգելելլ տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը»,- նշեց ֆիզիատորը:

Նա ասաց, որ իրենց մտահոգությունների մասին գրություններ են ուղարկել Ազգային ժողով, քաղաքապետարան, շատ այլ պատկան մարմինների, սակայն «ասես թե մենք աշխարհի երեսին գոյություն չունենք»:

Նա նշեց, որ Աբովյանի տուբստացիոնարն էլ այսօր թերբեռնվածությամբ է աշխատում, այսօրվա վարված քաղաքականության պայմաններում, այսինքն տուբերկուլյոզով հիվանդներին տանը թողնելով, բուժելով, Աբովյանի ստացիոնարն էլ կդատարկվի ժամանակին:

«Չի կարելի արտասահմանյան ստանդարտներով Հայաստանում իրականացնել տուբերկուլյոզի ծրագիր»,- ընդգծեց տուբերկուլյոզային կաբինետի ֆիզիատորը:

Ա. Ալավերդյանը ափսոսում է, որ իրենց ծառայությունը քանդվում է: «Պրիմիտիվ պատաճաբանությոն են բերում, թե մեր հիմնարկությունը հեռու է: Ինչի՞ց է հեռու, Աբովյանի՞ց էլ է հեռու»,- նշեց նա:

Ա. Ալավերդյանն ասաց, որ իրենք ցանկանում են իրենց բողոքի միջոցով ուշադրություն հրավիրել հարցի վրա, «լուծում տան հարցին, ոչ թե անտեղի ուզում եմ և փակում եմ, չի կարելի մի քանի հոգու կամ մի հոգու կապրիզով հիմնարկություն փակել»։

Placeholder
«Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը»