Քննչական կոմիտե. Թունավորումից տուժել է 24 անձ
Իրավունք
17:40 15/10/2019
Հայաստան

Քննչական կոմիտե. Թունավորումից տուժել է 24 անձ

ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 24 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ:

Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և այսօր առաքված սննդամթերքից:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

«Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշում են կոմիտեից։

Placeholder
Քննչական կոմիտե. Թունավորումից տուժել է 24 անձ