Ներդրումներ թե  Հայաստանի ընկերություններում, թե վենչուրային ֆոնդերում. «WCIT 2019»-ի արդյունքները
Տնտեսություն
16:29 16/10/2019
Հայաստան

Ներդրումներ թե Հայաստանի ընկերություններում, թե վենչուրային ֆոնդերում. «WCIT 2019»-ի արդյունքները

«WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանն՝ ամփոփելով համաժողովի արդյունքները։

Նրա խոսքով՝ մինչ օրս շարունակում են շնորհակալական նամակներ ստանալ համաժողովի բանախոսներից, հյուրերից։

«Կարևոր հարցը, որ տալիս էինք մեր հյուրերին այն էր, թե գալով Հայաստան՝ ինչ էին սպասում, հիմնականում պատասխանում էին՝ իրականում չէին սպասում, որ Հայաստանում հնարավոր է նման բարձր մակարդակի միջոցառում անցկացնել։ Այսինքն՝ բոլորի մոտ սպասելիքները գրեթե գերազանցել էր»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։

Ըստ նրա՝ մի շարք միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում  գրասենյակներ ունեն, որոշել են հաջորդ տարի Հայաստանում գործունեությունն ընդլայնել։

«Այս ամենի արդյունքը հետագայում կտեսնենք։ Բոլոր բանախոսների հետ կապի մեջ ենք, որոշներն արդեն ցանկություն են հայտնել, որ ուզում են ներդրումներ անել Հայաստանում՝ թե ընկերություններում, թե վենչուրային ֆոնդերում»,- ընդգծեց նա՝ միաժամանակ հավելելով, որ կոնկրետ թվեր դեռ չեն նշվում։

Ալեքսանդր Եսայանը չբարձրաձայնեց, թե որ ընկերություններն են ցանկանում ներդրումներ անել։

«Դեռ անուններ չենք նշի, բայց հետագայում կհրապարակենք։ Միայն ասեմ, որ դրանք չորսից ավելի ընկերություններ են»,- ընդգծեց նա։

Կարևոր ձեռքբերումներից ԱՏՁՄ նախագահն առանձնացրեց նաև այն, որ ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանը ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի համալսարանների հետ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե համաժողովի անցկացման համար որքան գումար է ծախսվել, Ալեքսանդր Եսայանն ասաց, որ նախնական ծախսվել է 5 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի, համերգի կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 450 միլիոն դրամ, մյուս գումարները ներգրավվել են ԱՏՁՄ-ի միջոցներով և հովանավորներից։


 

Placeholder
Ներդրումներ թե Հայաստանի ընկերություններում, թե վենչուրային ֆոնդերում. «WCIT 2019»-ի արդյունքները