Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է
Իրավունք
11:50 16/10/2019
Հայաստան

Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է

Գիշերը Երևանի Ազատության պողոտայում վիրավորում ստացած ոստիկանության ծառայող 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանի վիճակը գնահատվում է կայուն: Լրագրողների հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանն ասաց, որ ոստիկանը հարված ստացել է գլխի գագաթային  հատվածին, նրա մոտ ախտորոշվել է  գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի  հատվածի սալջարդ վերք, կատարվել է վերքի  առաջնային  վիրաբուժական մշակում, դրվել են հանգուցակարեր, շտապ կատարվել է  գլխուղեղի կատե քննություն: Կատե քննությամբ  գլխուղեղում տրավմատիկ բնույթի  փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Բուժող բժշկի խոսքով, Ա. Հակոբյանը հսկողության տակ է,  ստանում է  կոնսերվատիվ բուժում, 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: Հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարածները եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

Placeholder
Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է