Ավիացիայի շուկայի  փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի. վարչապետ
Տնտեսություն
13:23 17/10/2019
Հայաստան

Ավիացիայի շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի. վարչապետ

Քաղավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել: Այս մասին կառավարության  այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ryanair  ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելուն։

«Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն տոմսեր կան վաճառքում, և Երևանից Հռոմ կամ Միլան 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել»,- նշեց  վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ երեկվանից երեք ուղղություն է բացվել՝ Բեռլին, Հռոմ և Միլան, բացի այդ, Գյումրիից էլ ևս մեկ ուղղություն է բացվել Գերմանիա։

«Ընդհանուր առմամբ,  4 ուղղությամբ Հայաստանից  ունենալու ենք թռիչքներ։ Ընկերության գնային քաղաքականությունը միտված է նրան, որ հնարավորինս էժան և հասանելի տոմսեր առաջարկի: Հենց նոր նայում էի գները, 2020թ-ի հունվարի 28-ին Հռոմ-Երևան տոմսը 35,88 եվրո է մեկ ուղղությամբ, հետադարձը նույն գինն է. ընդհանուր 70 եվրոյի չափով կարելի է մեկնել Հռոմ և վերադառնալ»,- ասաց փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ հավելյալ վճարումներով հնարավոր է այլ ծառայություններ ստանալ՝ սնունդ, ուղեբեռ:

«Ընդհանուր առմամբ, նման ընկերությունների մուտքը էական ազդեցություն է ունենում տուրիստական հոսքերի վրա, ինչպես նաև՝ ոչ միայն ներգնա, այլև արտագնա տուրիզմի վրա: Սա  նաև ճամփորդելու հնարավորություն է ստեղծում»,- ասաց փոխվարչապետը:

Տիգրան Ավինյանը ցանկանում էր նաև ևս մեկ լուր էր հայտնել, սակայն վարչապետը թույլ չտվեց.  «Թող լինի, նոր ասենք»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս խնդրի լուծման համար  բուռն քննարկումներ են եղել կառավարությունում:

«Այս գործընթացում մեծ դերակատարում է ունեցել Քաղավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» միջազգային  օդանավակայանը գործընկերային դիրքորոշում է ցուցաբերել»,- ասաց վարչապետը։

Նա նաև հայտնեց, որ Կառավարությունը որդեգրել է հետևյալ  սկզբունքը՝ այն ուղղությունը, որ վերջին մեկ տարվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով «օդի տուրքը» կհանվի, և սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում:

«Որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի։ Շատ կարևոր է, որ մեր ռազմավարական որոշումներում լինենք հետևողական և ինչպես ժամանակն է ցույց տալիս, անիմաստ աղմուկ-աղաղակներին չհետևենք: Ի սկզբանե, երբ խոսակցություն էր գնում այս մասին, հիմնական շեշտադրումներն այն էին, որ սա չի լինելու, բյուջեի փողերը ծախսում են ու գնում են գործուղումների և այլն»,- ընդգծեց նա։

Placeholder
Ավիացիայի շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի. վարչապետ