Խնդիր չկա՝ ձեզ կփոխհատուցեն
Օրվա թեմա
12:30 18/10/2019
Հայաստան

Խնդիր չկա՝ ձեզ կփոխհատուցեն

Երեկ «հզորության բում» էր Երևանի Արգիշտի փողոցի շենքերում։ Հոսանքի ուժգին տատանումը շարքից հանել է վերելակ, ջրի պոմպ, բնակարաններում՝ լիցքավորման սարքից ու վայ-ֆայի սարքերից սկսած մինչև խոշոր կենցաղային տեխնիկա։

Նշենք, որ Հայաստանի տարբեր շրջանների բնակիչները հաճախ են բողոքում, որ էլեկտրաէներգիայի տատանման պատճառով իրենց կենցաղային տեխնիկան վնասվել է, շարքից դուրս եկել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հավատացրին, որ իրենք նման դեպքերում փոխհատուցում են բաժանորդներին: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի օգտագործման, մատակակարման կանոնների համաձայն, եթե ապացուցվում է իրենց կողմից բաժանորդին վնաս հասցնելու փաստը, անշուշտ, տրամադրում են փոխհատուցում: Նա նշեց, որ հաճախ են իրենց դիմում նման խնդրով, ներկայացրեց նաև կարգը: 

Բաժանորդը նախ ընկերության սպասարկման որևէ կենտրոն կամ մասնաճյուղ դիմում է գրում, որը միանգամից մուտք է արվում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: Այդ շրջանի համար համապատասխան մասնագետը եթե հաստատում է, որ վթար է եղել, հոսանքի որակի շեղում, դիմումն ուղարկվում է համապատասխան կապալատու  կազմակերպությանը, որը զբաղվում է շարքից դուրս եկած սարքավորումների վերանորոգմամբ: 

«Եթե սարքավորումը ենթակա է վերանորոգման, այն կազմակերպության մասնագետները վերանորոգում են, եթե ոչ, գնահատվում է դրա արժեքն ու դրա չափով գումար տրամադրվում բաժանորդին, որևէ խնդիր չկա»,- ասաց Ն. Սարաջյանը:

Նա ընդգծեց, որ կապալառու մասնագիտական  կազմակերպությունն էլ պետք է եզրակացություն տա, որ տվյալ սարքավորումը էլեկտրաէներգիայի  տատանման, որակի շեղման հետևանքով է շարքից դուրս եկել թե ոչ, բացի նրանից, որ ՀԷՑ-ի տեխնիկական տնօրինությունն է տալիս եզրակացության, որ այդ օրն իրենց մոտ  վթար է գրանցվել: Առաջնահերթ վերանորոգվում են առաջին անհրաժեշտության սարքավորումները: 

Հարցին, թե բաժանորդը մինչև ընկերության կողմից ուղարկված մասնագետի գնալն է վերանորոգել տալիս իր շարքից դուրս եկած սարքավորումն, այդ դեպքում չի՞ լինի փոխհատուցում, նա նշեց, որ եթե բաժանորդը ներկայացնում է փաստաթուղթ , որը տրամարդվել է վերանորոգող լիցենզավորված կազմակերպության կողմից ու  հավաստի է, տրամադրվում է փոխհատուցում:  

Placeholder
Խնդիր չկա՝ ձեզ կփոխհատուցեն