«Նուվել դ՛Արմենի»-ի թերթի խմբագրության վրա հարձակումը ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ
Իրավունք
09:41 21/10/2019
Հայաստան

«Նուվել դ՛Արմենի»-ի թերթի խմբագրության վրա հարձակումը ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ

Ֆրանսիայում հրապարակվող «Նուվել դ՛Արմենի» (Nouvelles d’Arménie) թերթի խմբագրությունը  հոկտեմբերի 20-ի առավոտյան թալանել են: Գողացել են խմբագրական 3 համակարգիչ և տեսախցիկ: Այս մասին հայտնում է «Նուվել դ՛Արմենի» կայքը։

Նշվում է, որ երեկոյան հրապարակման համար տպարան պետք է ուղարկվեր հերթական համարը։

«Համակարգիչները, որոնք որևէ շուկայական արժեք չեն ներկայացնում, պարունակում էին մեր լրատվամիջոցների հաջորդ թողարկման մակետը և մի շարք կարևոր տվյալներ՝ հասցների ֆայլեր, հարցազրույցներ և այլն»,-ասվում է կայքում։

Նշվում է, որ խմբագրակազմը հետևողականորեն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ժխտողականության քրեականացմանը և ներկայումս՝ քրդերի պաշտպանությանը թուրքական ագրեսիայից:

Արա Թորանյանը (խմբագիր) շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, մասնակցել էր CCAF- ի և Բեռնար-Հենրի Լեվիի կողմից մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպված հանդիպմանը, իսկ երեքշաբթի, հոկտեմբերի 15-ին՝ Ժան-Քրիստոֆ Լագարդի հետ  կայացած հանդիպմանը։

Ասվում է, որ զգայուն տվյալներ պարունակող համակարգիչներ գողացվել էին նաև 2006 թվականին հայկական համայնքի տարբեր պաշտոնյաներից:

«Նուվել դ՛Արմենի»-ի խմբագրության վրա հարձակումը դատապարտել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,-թվիթերում գրել է դեսպանը։

 

Placeholder
«Նուվել դ՛Արմենի»-ի թերթի խմբագրության վրա հարձակումը ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ