Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար
Իրավունք
17:00 22/10/2019
Հայաստան

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը  դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար:  ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Panorama.am-ը տեղեկացավ, որ նա դիմել է սեպտեմբերի 11-ին, 80-օրյա ժամկետում պետք է նրան  պատասխան տան:

Նշեցին, որ ցմահ դատապարտյալները պատիժը կրելուց 20 տարի անց իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։

1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկություն իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվել է  2003 թ. դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրել է վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվել են ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։

Ցմահ ազատազրկման են դատապարտվել խումբը գլխավորող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը (2004-ին ինքնասպան է եղել), Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը (2017-ին  մահացել է իր մենախցում), Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման (2010-ին սրտի կաթվածից մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ),  Նորայր Եղիազարյանը մինչ դատավճռի կայացումը էլեկտրահարվել էր իր խցում։

Ահաբեկչական գործողությանը զոհ է դարձել 8 մարդ՝  Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
 

Placeholder
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար