«Ննջասենյակային զավեշտ»՝ Պետական Կամերային երաժշտական թատրոնում
Մշակույթ
11:12 23/10/2019
Հայաստան

«Ննջասենյակային զավեշտ»՝ Պետական Կամերային երաժշտական թատրոնում

Հոկտեմբերի 30-ին և 31-ին Պետական Կամերային երաժշտական թատրոնում կկայանա անգլիացի ժամանակակից դրամատուրգ Ալան Էյկբորնի «Ննջասենյակային զավեշտ. Bedroom farce» ներկայացման պրեմիերան: Բեմադրիչն է ֆրանսահայ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանը:

Panorama.am-ի հետ զրույցում Ժիրայր Բաբազյանն ասաց, որ այդ պիեսը բեմադրվել է աշխարհի շատ թատրոններում, իսկ առաջին անգամ՝ Լոնդոնի մայր թատրոնում:

«Բարձր մակարդակի գրականություն է համարվում, թեև թեթև ժանր է, կոմեդիա»,-  նշեց ռեժիսորը:

Խոսելով վերնագրի մասին, նա նշեց, որ այն խաբուսիկ է. «Bedroom farce»-ն անգլերենում թատերական տերմինոլոգիա է, կապ ունի թեթև, բուլվարական պիեսների հետ, որտեղ ամուսինը, սիրեկանը թաքնվում են պահարանում, մեկը մտնում  անկողնու տակ և այդպես: Հայերեն թարգմանությամբ «զավեշտ» բառը մի քիչ իրոնիայով է արված, մեջը մի քիչ դառնություն կա»:

Ժիրայր Բաբազյանի խոսքով, պիեսը զույգերի կյանքի մասին է. ներկայացվում է մեծահասակ զույգի, նորապսակ զույգի, մի քիչ հարուստ զույգի սիրային, ընտանեական փոխհարաբերությունները. «Երեք զույգն ապրում է առանձին ննջարաններում, նրանց խանգարում է չորրորդ զույգն իր կռիվներով, անընդհատ խնդիրներով, նրանց ողջ երեկոն տակնուվրա են անում»:

Ռեժիսորը հույս ունի, որ հանդիսատեսը կզգա հումորն ու կհասկանա:

«Պիեսն ունի երկրորդ շերտը, որն այդքան էլ կոմեդիա չէ, որովհետև իրական հարաբերություններ են, գուցե մարդիկ կերպարների մեջ իրենց էլ գտնեն»,- ասաց Ժ. Բաբազյանը: 

Նրա կարծիքով, պիեսը պատկանում է բոլոր ժամանակներին, ներկայացման մեջ կոնկրետ որևէ ժամանակաշրջան դրված չէ, խաղում են այսօր:

Դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը, Անահիտ Կիրակոսյանը, Վիլեն Սարգսյանը, Աելիտա Գևորգյանը,Կարապետ Քարաջյանը,Արթուր Պետրոսյանը, Լաուրա Բաբայանը, Արևիկ Ավետիսյանը: Ռեժիսորի գնահատմամբ, մեծամասամբ տաղանդավոր երիտասարդներ են:

Խոսելով Հայաստանում այլ նախագծերի մասին՝ Ժ. Բաբազյանն ասաց, որ ունի շատ ծրագրեր, սակայն դրանց իրականացման  համար  գումար է հարկավոր: Նոյեմբերին նա վերադառնալու է Փարիզ, որտեղ նույնպես գործեր ունի, փետրվարին կրկին կգա Հայաստան: Հույս ունի, որ այդ ժամանակ  մեկ-երկու ծրագիր կկարողանա իրականացնել:

Placeholder