Սխալի պատճառո՞վ է Doing Business-2020 զեկույցում Հայաստանը զիջել դիրքերը
Տնտեսություն
12:42 24/10/2019
Հայաստան

Սխալի պատճառո՞վ է Doing Business-2020 զեկույցում Հայաստանը զիջել դիրքերը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Doing Business-ի զեկույցում խնդրահարույց գնահատական կա, Հայաստանը որոշակիորեն զիջել է դիրքերը, հետընթաց է արձանագրվել: Նա հետաքրքրվեց  ՀՀ  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից, թե ի՞նչն է նման զարգացման պատճառը:

Նախարարն ասաց, որ այսօր առավոյան Համաշխարհային բանկը հրապարակել է  գործարարություն  Doing Business- 2020 զեկույցը, տրված գնահատականները պարզաբանման կարիք ունեն:

Տ. Խաչատրյանի խոսքով, զեկույցում յուրաքանչյուր երկրի տնտեսության պայմաններում գործարարությամբ զբաղվելու տասը ցուցիչներով գնահատվում են առանձին, նախապես  հրապարակված մեթոդաբանությամբ, անդրադառնում են կազմակերպության գրանցման պահից  մինչև բիզնեսի հնարավոր դադարը: Երկրները գնահատվում են երկու եղանակով: Այս տարվա զեկույցում Նոր Զելանդիան է առաջինը՝ 86,8 միավորով: Հայաստանն այս տարվա  գնահատման արդյունքում 74,5 միավոր ունի, որը 2019 թվականի նույն մեթոդաբանության տրված գնահատականով առաջընթաց է 1,3 միավորով, այսինքն նախորդ տարվա վիճակի համեմատությամբ արձանագրվել է առաջընթաց, որը մի շարք ոլորտներում իրականացված  բարեփոխումների հետևանք է:

Նախարարն ասաց, որ կա նաև երկրորդ դասակարգումը՝ ըստ հերթականության. «Նախորդ տարի Հայաստանը 41-րդ հորիզոնականում էր, այս տարի՝ 47, չնայած ինքներս մեր նկատմամբ բարելավում ենք արձանագրել»:

Նա նշեց, որ դա պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային  բանկն  այս տարի առաջին անգամ փոխել է իր գնահատման մեթոդաբանությունը փոքր բաժնտերերի շահերի  պաշտպանություն  կոչվող ցուցիչը հաշվարկելու առումով: 

«Այս ցուցիչն առանձին վերցրած ունի 6 առանձին ենթացուցիչներ, որոնց նախորդ տարվա գնահատման ժամանակ որակվում էին, թե մեր իրավակարգավորումներն  որքանով են պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը: Այս տարի սակայն ՀԲ-ն իր գնահատման մեթոդաբանության մեջ  ոչ միայն իրավական կարգավորումների առկայությունն է  հաշվի առնում, այլ  թե դրանց արդյունքում արժեթղթերի շուկայում՝ բորսայում, քանի ցուցակված  մասնավոր կազմակերպություններ կան, որոնք բաժնետոմսեր են շրջանառում,  այսինքն բորսայի կայացվածությունը դարձել է  որպես գնահատման հիմք»,- բացատրեց նախարարը:

Վարչապետը նշեց, որ սկզբունքորեն դա վատ նորություն չէ:

«Ուզում եմ ասել, որ այդ առումով անցած տարվանից որոշակի աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում, մի քանի ընկերություններ որոշակի բաց արժեթղթեր են թողարկել, որը արժեթղթերի բորսայում հայտնվելու նախաքայլ է: Եթե դա է պատճառը, ըստ էության, մենք գտնվում ենք նախապատրաստական շրջանում, և սա նաև ազդակ է մեզ համար, որ ավելի ակտիվացնենք  արժեթղթերի բորսայի հետ կապված մեր աշխատանքը»,-ասաց Ն. Փաշինյանը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ հրապարակված զեկույցում հայտնաբերել են տեխնիկական սխալ, այդ մասին տեղյակ կպահեն ՀԲ գործընկերներին և եթե ուղղվի, Հայաստանը 37-րդ տեղում կհայտնվի:

Վարչապետը ծիծաղելով արձագանքեց. «Բա այսքան իզուր էինք քննարկում, պարոն Ջավադյան, շուտ ասեիք, ուրիշ քննարկում անեինք: Անհամբեր կսպասենք այդ սխալը ուղղելուն»:

Placeholder
Սխալի պատճառո՞վ է Doing Business-2020 զեկույցում Հայաստանը զիջել դիրքերը