Բոլոր ոլորտներում երկրի ստանդարտները պետք է բարձրացնել. Փաշինյան
Տնտեսություն
14:14 28/10/2019
Հայաստան

Բոլոր ոլորտներում երկրի ստանդարտները պետք է բարձրացնել. Փաշինյան

«Բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հետ կապված դուք կտեսնեք որոշակի պահպանողական մոտեցում, որոնք մեր քաղաքական և տնտեսական ամբիցիաների ֆոնին հնարավոր է իրականում մի փոքր ավելի ցածր են»,- այս մասին այսօր ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝այս տարի ընդունված միջնաժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել են, որ իրենց քաղաքական խնդիրն է՝ անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին, և այդ մոդելն, ըստ էության, արձանագրված է 2020-2022թթ. Ժամանակահատվածում։

«Մենք հույս ունենք այդ հատվածում հասնել, համապատասխանաբար, 7, 8 և 9 տոկոս տնտեսական աճի։ Անկեղծ ասած, սա ես համարում եմ իրատեսական, նաև հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք այսօր մեր տնտեսության մեջ: Եթե անկեղծ ասեմ, ես համարում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունը կարելի է հիմա տեսնել արդեն նաև անզեն աչքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում: Ըստ նրա՝ այսօր ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ նախատեսել են. «Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ չնայած մենք որոշակիորեն կապիտալ ծախսերը թերակատարում ենք, նախորդ տարվա համեմատ արդեն իսկ ունենք էական և շոշափելի փաստացի կապիտալ ծախսերի ծավալի որոշակի աճ»:

Վարչապետը ներկայացրեց, թե կապիտալ ծախսերի թերակատարումն ինչի հետ է կապված:

«Առաջինն, արդեն ասել եմ մի քանի անգամ՝ կոռուպցիայի դեմ պայքարի: Եթե նախկինում ենթադրաբար այսպես կոչված ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էր, այսօր դա իրողություն համարել չի կարելի: Ես չեմ կարող բացառել, որ այդպիսի երևույթներ կլինեն, բայց այդպիսի երևույթների մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն մի բանում, որ այսօր, վաղը, մի շաբաթից, մի ամսից, որևէ պահի իրենց հետևից գալու են, որևէ մեկը հանկարծ չկասկածի, որ կարող է խուսափել այսպիսի պատասխանատվությունից: Եվ երկրորդը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ կապիտալ ծախսերի առումով ես տեսնում եմ այսպիսի խնդիր. մենք մեր երկրում ստանդարտները որոշակիորեն բարձրացնելու խնդիր ունենք: Որովհետև, օրինակ, ինչքան էլ տարօրինակ թվա, այսօր ճանապարհաշինության հետ կապված հանրությունը նաև սոցիալական ցանցերում, ամենուր, բնականաբար, շատ մեծ գոհունակություն է հայտնում:

Ես ուզում եմ արձանագրել, որ ճանապարհաշինության այն ստանդարտը, որ այսօր հաստատված է Հայաստանում, ես ինքս գոհ չեմ, չնայած ի տարբերություն նախկինի, հիմա մենք ճանապարհաշինության որակի անհամեմատ, հսկայական փոփոխություն ունենք, բայց այդ ստանդարտին մենք չենք կարող համաձայնվել և մենք պետք է ստանդարտները բարձրացնենք: Խոսքը վերաբերում է հարթության ստանդարտին և այլն, և այդպես շարունակ մնացած բոլոր ոլորտներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա միաժամանակ նշեց, որ ընդհանրապես, բոլոր ոլորտներում երկրի ստանդարտները պետք է բարձրացնեն, ինքներս մեր աշխատանքի ստանդարտները պետք է բարձրացնենք:

«Մենք պետք է բարձրացնենք կառավարության աշխատանքի որակի ստանդարտները, ԱԺ-ի աշխատանքի որակի ստանդարտները, տեղական ինքնակառավարման, ոստիկանության, իրավապահ համակարգի, քննչական մարմինների և այդպես շարունակ: Եվ այս ճանապարհին մենք հետևողականորեն գնալու ենք առաջ: Իհարկե, այդ ընթացքում կլինեն երևույթներ, որոնք գուցե առաջին հայացքից իրենց մոտիվացիոն և արդյունավետության հեռանկարի առումով այդքան էլ հասկանալի չեն լինի կամ անսովոր կլինեն, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ փոփոխություններն իրենց կարդարացնեն: Մենք պետք է պետական ազնիվ ծառայության վարկանիշը բարձրացնենք: Իհարկե, դա մենք չենք կարող անել մի գործողությամբ և միանգամից, բայց այս պրոցեսը մենք պետք է շարունակենք և այն բարեփոխումները, որ մենք հիմա անում ենք՝ սոցիալական ապահովության ոլորտում, կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում և մնացած բոլոր ոլորտներում, շատ կարևոր են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջում վարչապետը նշեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման և ապագայի վերաբերյալ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, լավատես է և վստահ է առավել քան երբևէ:

«Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և բոլորիս խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն այդ թափը չկոտրվի, այլև հընթացս արագանա և մենք հասնենք այնպիսի ցուցանիշների, որ Հայաստանում սոցիալտնտեսական բարեփոխումները, սոցիալտնտեսական փոփոխություններն ընթանան ավելի արագ, ավելի արդյունավետ և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար լինեն ավելի տեսանելի»,- նշեց նա։

Placeholder
Բոլոր ոլորտներում երկրի ստանդարտները պետք է բարձրացնել. Փաշինյան