Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳՄՍ նախարարությանը 2020 թվականի բյուջեով կհատկացվի 179,5 մլրդ դրամ
2020 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հատկացումները կազմում են 179,5 մլրդ դրամ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Այստեղ որոշակի մաս, ինչպես և նախկինում, պահպանված է որպես կառավարման ապարատի ֆինանսավորման ծախսեր՝ շուրջ 2,2 մլրդ դրամ։ Կրթության ոլորտի համար նախատեսվել է շուրջ 145 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ գրեթե 20 մլրդ դրամով ավելի է։ Գիտության ծախսերը կազմում են 12, 6 մլրդ դրամի չափ, մշակույթի համար նախատեսված ծախսերը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել են՝ 12,2 մլրդ դրամ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի մասով նախատեսվել է 4 մլրդ դրամ»,- ներկայացրեց Ջանջուղազյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախարարից հետաքրքրվեց, թե այս ֆինանսավորման ծավալներով կառավարությունը կարող է իր առջև դրած «հավակնոտ ծրագրերը» լուծել։
«Եղած հնարավորության և սահմանափակումների պայմաններում գնահատվել է, որ հենց այս ծավալի հատկացումը այս ոլորտում կհամապատասխանի մեր կարիքների բավարարմանը»,- պատասխանեց Ջանջուղազյանը։