Բաշար Ասադ. Հայերն ինտեգրվել են, բայց չեն ձուլվել սիրիական հասարակությանը
Օրվա մամուլ
14:16 02/11/2019
Աշխարհ

Բաշար Ասադ. Հայերն ինտեգրվել են, բայց չեն ձուլվել սիրիական հասարակությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հեռուստաընկերություններին տված հարցազորւցում խոսել է նաև հայ համայնքի մասին: «Սանա»-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է ապրել քրդերի հետ միասին այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ, Ասադն ասել է, որ քրդերի մեծամասնությունը միշտ լավ հարաբերություններ են ունեցել պետության հետ և առաջ են քաշել իրական հայրենասիրական գաղափարներ:

Նրա խոսքով, այն շրջաններ, ուր մտել է սիրիական բանակը, քրդերի արձագանքը ոչ պակաս դրական կամ ոչ պակաս ուրախալի չի եղել, քան այլ մարդկանց արձագանքը:

«Այո, շատ հստակ է, մենք նորից կարող ենք ապրել կողք-կողքի»,- ասել է Սիրիայի նախագահը:

Այնուհետև Ասադն օրինակ է բերել հայերին, որոնք վերջին խումբն են, որը միացել է սիրիական հասարակությանն ու միշտ հայրենասիրությամբ է առանձնացել։

«Դա առանց որևէ կասկածի ապացուցվեց պատերազմի ժամանակ: Միաժամանակ Սիրիայի հայերն ունեն իրենց կազմակերպությունները, եկեղեցիները և, որ ամենակարևորն է, դպրոցները։ Եթե որևէ հայկական արարողության ես մասնակցում` հարսանիք և այլ միջոցառում, իսկ ես գնացել եմ, քանի որ նախկինում հայ ընկերներ ունեի, նրանք իրենց ավանդական երգերն են երգում: Հետո նրանք ազգային երգեր են կատարում: Կա՞ ազատության որևէ ձև, որը վեր է այս ամենից»,- ասել է Ասադը:

Նրա խոսքով, սիրիահայերն ինտեգրվել են, բայց չեն ձուլվել սիրիական հասարակությանը, նրանք պահպանել են իրենց ինքնությունը:
 

Placeholder
Բաշար Ասադ. Հայերն ինտեգրվել են, բայց չեն ձուլվել սիրիական հասարակությանը