Զինծառայող է մահացել
Իրավունք
10:15 05/11/2019
Հայաստան

Զինծառայող է մահացել

Նոյեմբերի 4-ին ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:  Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է: 

ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնի հաղորդմամբ, երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-նշված էր հաղորդագրության մեջ:

Placeholder
Զինծառայող է մահացել