Օպերայի և բալետի թատրոնում մեծ տոն է սպասվում
Մշակույթ
13:38 08/11/2019
Հայաստան

Օպերայի և բալետի թատրոնում մեծ տոն է սպասվում

Այսօր Երևանում առաջին անգամ ելույթ կունենա Կաունասի պետական երգչախումբը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կներկայացվի Վ.Ա.Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:  Համերգը կղեկավարի Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Կաունասի պետական երգչախումբը Եվրոպայի լավագույն երգչախմբերից է, որի 50-ամյակն է նշվում այս տարի: Կաունասի պետական երգչախմբի հայաստանյան ելույթը նվիրվում է երգչախմբի գեղարվեստական ղեկավարի և դիրիժոր Պետրաս Բինգելիսի ստեղծագործական գործունեության 50-ամյակին:

Կ. Օրբելյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 12-ին օպերայի և բալետի թատրանում կայանալու է  Ալեքսեյ Շորիի «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման պրեմիերան:

«Մեծ տոն է սպասվում»,- ասաց նա: Կ. Օրբելյանի խոսքով,  դերասանների զգեստները, շքեղ դեկորացիաները բոլորը նոր են ու պատրաստված հենց հայաստանյան ներկայացման համար:

Սցենարը և խորեոգրաֆիան՝ Եկատերինա Միրոնովայի և Ալեքսանդր Սոմովի: Փոխադրող բալետմայստերներն են՝ ՀՀ վաստակավոր արտիստներ  Ռուբեն Մուրադյանը և Սոնա Առուստամյանը: Բալետային ներկայացումում հանդես կգան Ռուբեն Մուրադյանը, ՀՀ վաստ. արտիստ Մերի Հովհաննիսյանը, նաև՝ Տաթևիկ Բոլշիկյանը, Դիանա Հարությոնյանը:

Բալետը ներկայացնում է պալատական զույգ ծաղրածուների սիրո պատմությունը։ Գործողությունը ծավալվում է XVIII դարում, Սանկտ Պետերբուրգում՝ ռուսական կայսրուհի Աննա Իոանովնայի փոթորկահույզ կառավարման ժամանակաշրջանում։ Բալետի սյուժեի հիմքում ընկած է թագուհու կառավարման օրոք տեղի ունեցած մի պատմական դրվագ. նա որոշում է ամուսնացնել իր այդ ծաղրածուներին Նևայի գետափին կառուցված սառցե դղյակում

Մինչև տարեվերջ, Օրբելյանի խոսքով, օպերայի և թալետի թատրոնը հանդես կգա մի քանի համերգային ծրագրերով,  Ամանորյա ծրագրի մասին դեռ մտածում են:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ իրենց ցանկությունն է, որպեսզի այն օպերաները, որոնց համերգային կատարումներով են հանդես եկել, վերածվեն բեմադրությունների:

Placeholder
Օպերայի և բալետի թատրոնում մեծ տոն է սպասվում