«Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց  վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»
Կրթություն, գիտություն
11:25 19/11/2019
Հայաստան

«Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»

ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր շարունակում են դասադուլը: Ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ տարբեր ֆակուլտետներից իրենց միանում են ուսանողներ:

«Այսօր դեռ որոշված է մնալ համալսարանի տարածքում: Ի տարբերություն նախորդ օրերի, այսօր ավելի շատ են, քանի որ բոլորին վրդովվեցրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը դասախոսների հետ»,- ասաց նա:

Ուսանողն ընդգծեց, որ իրենց դասախոսներն ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը  կյանքի տևողությունն է:

«Երեկ շատ արհամարհական, քստմնելի ձևով է խոսել դասախոսների հետ, այդ պահվածքը՝ գրիչով ցույց տալ, ակադեմիկոսն իրեն բան ասի, ինքը հեգնանքով խոսի: Չի լինելու նման բան, թույլ չենք տալու ու չենք հանդուրժելու: Մեր դասախոսներից ոչ ոք դրան արժանի չէր: Մենք շատ ենք հարգում մեր դասախոսներին:Երեկ տպավորությունն այնպիսինն էր, որ Արայիկ Հարությունյանն այդ  մարդկանց կանչել էր ցույց տալու համար, որ ձեր ասածը մեկ է ինձ  համար, ինչպես կուզեմ, կանեմ: Բայց այդպես չի լինելու: Երեկ որևէ մեկը քաղաքականությունից չէր խոսել, ամենամեծ քաղաքականացնողը  հենց նախարարն էր: Մենք էլի չքաղաքականացնելով՝ շարունակելու ենք մեր պայքարը: Եթե նախարարը շարունակի իր քաղաքականությունը կրթության հետ կապված, մեր պայքարը տեղափոխվելու է ուրիշ դաշտ»,- ասաց ուսանողը:

Գ. Գյուլումյանը նշեց, որ ի գիտություն Արայիկ Հարությունյանի, որը մշտապես ռեկտորի հետ հայտարարում է, թե դասախոսները թաքնվում են ուսանողների թիկունում, հայտարարում է. «Դասախոսներն առաջին օրից մշտապես մեզ կոչ են արել լինենք լսարաններում, դասապրոցեսը չտապալել:  Մեր դասախոսներին դուր չի գալիս  տեսնել այս ամենը ու դատարկ լսարանները»:

Ուսանողի խոսքով, եթե նախարարն ընդառաջի իրենց, իրենց դասախոսների հիմնավոր պահանջներին, իրենք դասադուլը կդադարեցնեն:

Հիշեցնենք, որ երեկ դասախոսները, մտավորականները հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ արդեն մի քանի օր դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝  նստացույց ԿԳՄՍ նախարարության մետ: Նրանց պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:

 

Placeholder
«Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»