Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո
Քաղաքական
10:28 22/11/2019
Տարածաշրջան

Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո

Վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների արդյունքում Իրանում 5 օր ինտերնետի անջատումից հետո նախօրեին սկսել է վերականգնվել ինտերնետի հասանելիությունը մայրաքաղաք Թեհրանում և մի շարք նահանգներում։ Պետական հեռուստատեսության հաղորդմամբ,  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ  հանդարտությունը վերադարձել է Իրանը:

Amnesty International-ը նշում է, որ ավելի քան 100 ցուցարար է սպանվել անվտանգության ուժերի կողմից, սակայն Իրանի կառավարությունն այս թվերն անվանել է «սպեկուլյատիվ»:

«Երկրում աստիճանաբար վերականգնվում է ինտերնետը», - ասված է «Fars» լրատվական գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես գրում է euronews-ը, համացանցի արգելափակումը դժվարացրեց բողոքավորների համար սոցիալական ցանցերում տեսանյութեր տեղադրելը՝ աջակցություն ստանալու, ինչպես նաև անկարգությունների չափի վերաբերյալ հիմնավոր զեկույցներ ունենալու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին քննադատել է Իրանին` ինտերնետը արգելափակելու համար:

«Իրանն այնքան անկայուն է դարձել, որ ռեժիմը փակել է իրենց ամբողջ ինտերնետային համակարգը, որպեսզի մեծ իրանցի ժողովուրդը չկարողանա խոսել երկրի ներսում տեղի ունեցող ահռելի բռնությունների մասին։ Նրանք ցանկանում են ԶՐՈ թափանցիկություն, կարծելով, թե աշխարհը չի իմանա այն մահերի և ողբերգությունների մասին, որ հասցնում է Իրանի ռեժիմը», - թվիթերում գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին նոյեմբերի 15-ին՝ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց բենզինի գնի առնվազն 50% բարձրացման մասին։

 
Placeholder
Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո