ԵՊՀ ուսանողները համակարծիք չեն ռեկտորի պաշտոնակատարի հետ
Կրթություն, գիտություն
16:00 27/11/2019
Հայաստան

ԵՊՀ ուսանողները համակարծիք չեն ռեկտորի պաշտոնակատարի հետ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր աշխատասենյակի մոտ նստացույց անող ուսանողների հետ զրույցում ասաց, որ գիտական խորհրդում չի քննարկվել Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների վերաբերյալ  հարցը, քանի որ այդպես որոշել է հենց գիտխորհուրդը, քանի որ կարծիքները շատ տարբեր էին լինելու: Նրա խոսքով, նաև որոշում է  եղել, որ ամեն մեկն ազատ է իր կարծիքն արտահայտելու համար:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ ուսանողների պահանջը քաղաքական է, ուղղված է Ազգային ժողովին, քանի որ եթե ուզում են օրենքում  ինչ-որ բան ամրագրել, ապա օրենք ընդունողը կամ չընդունեղն այդ մարմինն է: Ուսանողները նրա հետ չհամաձայնվեցին:

«Մենք չենք ասում որ ԵՊՀ-ն հակառակ կարծիք հայտնի, մենք խնդրում ենք ԵՊՀ գիտական խորհրդի նիստում քննարկվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի կոնկրետ կետերը, որպեսզի երիտասարդներն իմանան մեր բուհի դիրքորոշումը: Քաղաքական չէ, պահանջը ԱԺ-ից չէ, խնդրում ենք անցացնել  ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի այս հարցը»,- ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել է ուսանողներին և գործադուլ է հայտարարել:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ պատրաստ է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում հանդիպել ուսանողների հետ միայն մեկ պայմանով՝ խոսքի ընդհատում չի լինելու:

«Հենց լինի խոսքի ընդհատում՝ թողնենք ու դուրս գան»,- ասաց նա:

Հիշեցնենք՝  ԵՊՀ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողները մի քանի օր դասադուլ էին անում՝  դեմ արտահայտվելով ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: 

Placeholder
ԵՊՀ ուսանողները համակարծիք չեն ռեկտորի պաշտոնակատարի հետ