Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փետրվարին կստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննարի սահմանադրական փոփոխությունների հարցը. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ փետրվարին ձևավորվող աշխատանքային խումբը քննարկելու է նաև սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր:
«Ես կարծում եմ, որ աշխատանքային խումբ կձևավորվի, և գործընթացը կլինի հնարավորինս ներառական՝ ներգրավելով ոչ միայն նախարարությունից, կառավարությունից անձանց, այլև խորհրդարանից, այդ թվում՝ ընդդիմությունից: Այնպես որ, կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը հնարավորություն կունենա իր դիտարկումները, առաջարկները ներկայացնելու այդ աշխատանքային ձևաչափում: Իհարկե, մենք ևս մեր առաջարկները կներկայացնենք»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Անդրադառնալով ՍԴ անդամներին վաղաժամ թոշակ նշանակելու նախագծին՝ խմբակցության ղեկավարը նշեց՝ նպատակը, որը դրվել է այդ նախագծի հիմքում, ոչ թե վստահության ճգնաժամը լուծելն է, այլ քայլեր ձեռնարկել այդ վստահությունը վերականգնելու և ինչ-որ կերպ առողջացման գործընթացին նպաստելու:
«Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ դատական համակարգի ներսից կատարվող փոփոխություններն ամենախրախուսելին են։ Դատական համակարգն ու դատավորները պետք է պատրաստ լինեն որոշակի քայլերի և ընդառաջման գնալու: Սա այն տարբերակն է, որը քննարկվել է միջազգային գործընկերների հետ և առաջարկվում է օգտվել նաև նման հնարավորությունից: Թե որքանով ՍԴ դատավորները կօգտվեն այդ հնարավորությունից, ես չեմ կարող ասել, չի բացառվում, որ որևէ մեկն էլ չօգտվի»,-ընդգծեց Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում ընդունվեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգը՝ պահպանելով դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները։