Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՊՀ ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի մոտ
ԵՊՀ ուսանողները լուռ նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ: Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել է ուսանողներին, ասաց, որ ակնկալում են հանդիպում ռեկտորի պաշտոնակատարի հետ և պարզաբանում, թե ինչո՞ւ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների շուրջ ստեղծված իրավիճակը չի քննարկվում բուհի գիտական խորհրդում:
«Երեկ մենք ստացանք ռեկտորի պաշտոնակատարին ու գիտխորհրդին ուղղված մեր նամակի պատասխանը, որում նշված կետերը խիստ դեկլարատիվ էին, առանձնապես շատ ասելիք չունեցող: Ուզում ենք հասկանալ, թե ինչո՞ւ չի անցկացվում գիտական խորհրդի արտահերթ նիստ, ինչո՞ւ հարցը չի դրվում քննարկման: Եթե չընդունի, չլսի, շարունակելու ենք մեր ակցիան այստեղ, հետագա քայլերի մասին ընթացքում կհայտնենք»,- ասաց Գալստյանը:
Ակցիայի մասնակից, ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ երեկ իրենց ռեկտորի պաշտոնակատարը չի լսել, որին սպասում էին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հաշվետու նիստին:
«Եկավ, մենք մոտեցանք, որպեսզի խոսենք նրա հետ, ուղղեինք մեզ հուզող մի քանի հարցեր: Բացի այն, որ ռեկտորի պաշտոնակատարը չկանգնեց մեզ հետ խոսելու, մեր հարցերին պատասախանելու համար, միաժամանակ արհամարհեց մեզ ու մեջքով կանգնեց: Տպավորություն էր, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտպանում է ոչ թե ուսանողների, այլ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շահերը»,- ասաց նա:
Գ. Գյուլումյանը հիշեցրեց, որ իրենք նամակով ցանկանում էին ճշտել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի տեսակետը պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված, ով, ուսանողների կարծիքով, իրեն այնքան էլ ճիշտ չի պահել: Խնդրել էին նաև հրավիրել գիտխորհրդի նիստ ու կարծիք ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծի մասին:
ԵՊՀ անվտանգության աշխատակիցը մոտեցավ ուսանողներին և խնդրեց նստացույց չանել ընդունարանի մոտ, որպեսզի չխանգարեն աշխատանքային պրոցեսը: Ուսանողները խոստացավ չխանգարել, փորձել գտնել կոմպրոմիսային տարբերակ: Ուսանողները փոխանցեցին անվտանգության աշխատակիցն, որպեսզի վերջինս ռեկտորի պաշտոնակատարին ներկայացնի իրենց պահանջը՝ լուսաբանվող հանդիպում:
Հիշեցնենք՝ ԵՊՀ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողները մի քանի օր դասադուլ էին անում՝ դեմ արտահայտվելով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելուն: