Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ տեղի են ունենում անդրկուլիսյան հանդիպումներ. Խորեն Քալաշյան
«Քանի որ այսօր կա հանրային պահանջ, որ ՀՖՖ նախագահը լինի ապաքաղաքականացված, ֆուտբոլային գիտելիքներով, հայկական ֆուտբոլի խնդիրներին և մարտահրավերներին ծանոթ մարդ, ապա մենք առաջարկում ենք բոլոր թեկնածուներին և շահագրգիռ կողմերին սկսել հանրային քննարկումներ, մտնել բաց դաշտ և ցուցադրել իրենց ֆուտբոլային գիտելիքները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալության աշխատակից Խորեն Քալաշյանը։
Քալաշյանի խոսքով, ցանկացած առաջադրված թեկնածու պետք է որպես հիմնական աշխատանք ունենա բացառապես ՀՖՖ նախագահի պաշտոնը, թեև կանոնադրությունը դա չի պարտադրում։
«ՀՖՖ նախագահը պետք է ունենա տեսլական՝ հայկական ֆուտբոլի հետագա զարգացման կարևորագույն հարցերի շուրջ։ Կարևոր է, որ ռազմավարական պլան ներկայացվի և նշվի՝ արդյոք հայկական ֆուտբոլն ունի վիրահատական միջամտության կարիք և եթե այո, ապա ինչ կտրուկ քայլեր են պետք»,- նշեց Քալաշյանը, ապա հավելեց. «Ընտրություններին մնացել է մի քանի օր, և կա նախագահի ընդամենը 1 թեկնածու։ Եթե մոտ օրերս ի հայտ չգան արժանի թեկնածուներ, ապա «Լեգալ սպորտ»-ը կառաջադրի իր թեկնածուին»։
ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ, Քալաշյանի խոսքով, տեղի են ունենում անդրկուլիսյան հանդիպումներ և կա պայքար։
«Կուզեմ նշել, որ 1 և կես տարվա անգործության պատճառով մի շարք ՀԿ-ներ չեն ֆիլտրվել, թեև ՀՖՖ-ն հայտարարում էր, որ շատ ՀԿ-ներ ունեն այդ ֆիլտրման կարիքը։ Այսինքն՝ դա տեղի է ունեցել միտումնավո՞ր, թե՞ անգործության հետևանք է»։
Հարցին, թե ինչ անդրկուլիսյան հանդիպումների մասին է խոսքը, Քալաշյանը պատասխանեց. «Տեղի են ունենում տարբեր խմբերի հանդիպումներ, ըստ շրջանառվող լուրերի, կան մարդիկ, ովքեր պատրաստվում են իրենց թեկնածությունն առաջադրել, բայց մինչև հիմա հայտարարություն չկա։ Դա նկատի ունեմ»։
Անդրադառնալով Արմեն Նիկողոսյանի և Արմեն Մելիքբեկյանի հավանական թեկնածություններին՝ Քալաշյանը նշեց, որ նրանք եղել են ՀՖՖ անդամ և արդեն ղեկավարել են այդ կառույցը։
«Մենք գիտենք, որ ՀՖՖ նախագահը կառույցը ղեկավարելու ժամանակ չի ունեցել։ Կարծում եմ՝ այդ դեպքում պատասխանատվությունը հենց նրանց վրա է։ Ինչ վերաբերում է Խորեն Հովհաննիսյանին, նա մեր լեգենդար ֆուտբոլիստներից է, նրա մասով կոլորիտն ապահովված է»,- ասաց Խորեն Քալաշյանը։