Մշակվել է մշակույթի ոլորտի 2020-23 թթ. ռազմավարություն
Մշակույթ
12:07 29/11/2019
Հայաստան

Մշակվել է մշակույթի ոլորտի 2020-23 թթ. ռազմավարություն

«Մեր հիմնական բացթողումը տարիներ շարունակ եղել է այն, որ   մշտապես նախարարության վրա դրել  ենք  նախարարության ուժերից վեր սոցիալական գործառույթներ»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց» թեմայով հարցազրույց-ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նրա խոսքով, հիմա հայտարարել են, որ աստիճանաբար գնալու են ամբողջական  մասնագիտացման  ճանապարհով, այսինքն մշակութային  գործունեությամբ և պետական միջոցներով  միջացառումներ կարող են անել և ծրագրեր իրականացնել պրոֆեսիոնալ  կազմակերպությունները, անձիք:

«Մենք պետք է կարողանանք բեռնաթափել մշակույթը սիրողական,  նաև սոցիալական աջակցությունից»,- ընդգծեց փոխնախարարը:

Ա. Խզմալյանը նշեց, որ իրենք պետք է նվազագույնս ուղղակիորեն միջամտեն  ստեղծագործական պրոցեսներին, նաև հստակ ունենալ չափանշները, թե  պետական միջոցներն ինչ  միջոցառումների, նախագծերի կարող են ուղղվել: Նա տեղեկացրեց, որ արդեն գրեթե ավարտել են դրամաշնորհային նոր չափանիշների ձևակերպումները, այս տարվանից մրցույթը կլինի այլ ձևաչափով:

Ա. Խզմալյանը նաև հայտնեց, որ  մշակել են 2020-23 թթ. ռազմավարությունը, գործողությունների պլանը, շուտով դնելու են մասնագիտական հանրության քննարկմանը: Նա ասաց, որ «Կինոյի մասին» օրենքի նախագծի շուրջ պետք է  միջգերատեսչական քննարկումներ տեղի ունենան, քանի որ այն նախատեսում է  որոշակի հարկային արտոնություններ, պետք է քննարկեն համապատասխան մարմինների հետ, իսկ մասնագիտական հանրության շրջանում արդեն ճշտել են, թե ինչ խնդիրներ կան: 2020 թվականից սկսելու են աշխատել «Կատարողական արվեստի մասին» օրենքի նախագծի վրա:

Հարցին՝  անցած ամբողջ 30 տարին, կարծում եք, բացթողումների շրջա՞ն է եղել, փոխնախարարը պատասխպանեց. «Կոռեկտ չէի համարի, երբեք թույլ չէի  ինձ  նման հայտարարություն անել, որ իմ նախորդները ոչինչ չեն արել: Այդպես չէ, իհարկե:

Անկախ նույնիսկ քաղաքական փոփոխություններից, փոխակերպումներից, վաղուց մենք խոսում ենք, որ կյանքը գնում է  մի ուղղությամբ, բայց  պետական, մշակութային կառույցները մնում են այն տրամաբանության մեջ, ինչ եղել են 30 տարի առաջ: Հեղափոխություն պետք է, այո, նաև մշակույթի ոլորոտում»:

Նա նշեց, որ խնդիր ունեն պետական կառույցների կառավարման մոդելի արդիականացման, այդ կառույցներն իրենց գործունեությամբ տեղեկատվական դաշտում դիրքավորման,  մասնագիտական կադրերի վերապատրաստման, խաղացանկային քաղաքականության առումով:
Արա Խզմալյանի խոսքով, մշակույթի մեջ հեղափոխությունը չի կարող վերաբերալ միայն պետական գերատեսչությանը, մշակույթի մեջ հեղափոխությունը սկիզբ է առնում ստեղծագործողների մտածողության հեղափոխությունից, մշակույթի հեղափոխության առաջին պատասխանատուները  բուն ստեղծագործողություններն են, ոչ թե պետական գերատեսչությունը:

«Մշակույթում հեղափոխություն ասելով հասկանում ենք նոր ֆորմաների, գեղարվեստական  նոր լեզվի, հանդիսատեսի հետ հարաբերվելու նոր եղանակների բացահայտում»,- ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է  պետական քաղաքականությանը, նրա խոսքով, իհարկե, գնալով ավելի են ազատականացնում ոլորտը. «Պետական վերահսկողությունը, անհարկի միջամտություններն ազատ ստեղծագործական պրոցեսներին, վարչական լծակների կիրառումը տնօրենների, ոլորտի պատասխանատուների, այլևս չկա: Մենք հայտարարում ենք, որ ստեղծագործական դաշտը պետք է լինի ազատ,  ուղղակի միջամտություններ ստեղծագործողի աշխատանքին չպետք է լինի»:

Placeholder
Մշակվել է մշակույթի ոլորտի 2020-23 թթ. ռազմավարություն