Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՖՖ նախագահի պաշտոնում կառաջադրվի «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը
ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
«Մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:
Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:
Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Թովմաս Գրիգորյանը:
Մինչ այս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մասին է հայտնել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին և առաջարկել հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով: Գործադիր կոմիտեի անդամները հայտարարել են, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության հրաժարականներ են տալու արտահերթ ժողովից առաջ՝ մինչ այդ իրականացնելով արտահերթ ժողովի համար անհրաժեշտ մի շարք գործառույթներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն քվեարկությամբ հաստատել է, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է դեկտեմբերի 23-ին, որի ընթացքում ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և նոր գործադիր կոմիտե: