Բալետի պարուհի Լիլիթ Հակոբյան. Տխուր է տեսնել, որ Երևանում հազարից մեկ է պրեմիերա լինում
Մշակույթ
13:30 02/12/2019
Հայաստան

Բալետի պարուհի Լիլիթ Հակոբյան. Տխուր է տեսնել, որ Երևանում հազարից մեկ է պրեմիերա լինում

Հաննովերի պետական օպերայի ու բալետի թատրոնի մենապարուհի Լիլիթ Հակոբյանն իր ստեղծագործական ուղին սկսել է Հայաստանից, սակայն արդեն 12 տարի հանդես է գալիս գերմանական բեմում: Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հետևում է հայաստանյան մշակութային կյանքին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի  գործունեությանը, ինչը նրան այնքան էլ չի ոգևորում:

Panorama.am- Ապրում եք Գերմանիայում, աշխատում եք Հաննովերի պետական օպերայի ու բալետի թատրոնում, ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք  հեռանալ Հայաստանից:

Լ.Հակոբյան-Փոքր տարիքից երազել եմ մոդեռն, ժամանակակից պար սովորել, քանի որ Երևանում այդ հնարավորությունը չկար և Գերմանիա մեկնելու հնարավորություն ստանա, որոշեցի փորձել: 2007 թվականին էր:

Panorama.am- Քանի՞ տարի է աշխատում եք Հաննովերի պետական օպերայի ու բալետի թատրոնում:

Լ.Հակոբյան- Հաննովերում սա իմ 9-րդ տարին է, մինչ այդ Ֆլենսբուրդ և Դորտմունդ քաղաքներում եմ  աշխատել և պրակտիկա անցել: 

Panorama.am -Բեմադրություններ անո՞ւմ եք: Պարե՞լ, թե՞ բեմադրություններ անել, ո՞րն եք նախընտրում:

Լ.Հակոբյան- Դեռ նախընտրում եմ պարելը, առանց այդ կյանք չեմ պատկերացնում, բայց նկատում եմ, որ տարեցտարի շատ մեծ հետաքրքրություն է առաջանում բեմադրելու, նաև մի քանի հնարավորություններ եղան իմ բեմադրությունները տարբեր բեմերում ներկայացնելու համար: Անցած տարի երկու հրավեր ստացա տարբեր քաղաքներում իմ բեմադրած  Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ»-ը ներկայացնելը, անցած տարի նաև Բեռլինում հանդես եկա, մի փոքր բեմադրություն արեցի: Բայց դեռ իմ ամենագլխավոր կետն ավելի շատ պարային է:

Panorama.am- Կա՞ այնպիսի գործ, որում մշտապես ցանկացել եք հանդես գալ կամ Դուք բեմադրել, բայց դեռ հնարավոր չի եղել, ի՞նչն է խոչընդոտը: 

Լ.Հակոբյան -Երազում եմ պարել իսրայելցի  խորեոգրաֆ Շարոն Էյալի գործերից, դեռ հնարավորություն չի եղել: Մյուս երազանքերիցս  էր աշխատել կամ պարել Մարկո  Գյոկեի գործերից,  որն այս տարի դարձավ իմ տնօրենը, կարելի է ասել հիմա իմ երազանքն եմ ապրում:

Panorama.am -Դասական բալե՞տ, թե բալետ մոդեռնի տարրերով: Ո՞րն եք նախընտորւմ կամ ո՞րն  է Ձեզ ավելի հոգեհարազատ: 

Լ.Հակոբյան-Ինձ կոնկրետ հոգեհարազատ է մոդեռնը, բայց երևի չկա մեկն առանց մյուսի:

Panorama.am - Վերջին անգամ ե՞րբ էիք եղել Հայաստանում՝  նախքան ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Թողություն» սերիալում նկարահանվելու համար Երևան գալը: Վերջին այցի ժամանակ ինչպիսի՞ փոփոխություններ նկատեցիք առհասարակ հայաստանյան մշակութային կյանքում:

Լ.Հակոբյան- Վերջին անգամ Նոր տարուն էի Երևանում: Ոչ մի մեծ մշակութային փոփոխություն, ճիշտն ասած, չնկատեցի: Եվրոպայում և ԱՄՆ-ում պարային աշխարհում ամեն ինչ այնքան մեծ արագությամբ է  առաջ գնում, այնքան հետաքրքիր բեմադրություններ են արվում ամեն ամիս, ամեն տարի, տխուր է տեսնել, որ Երևանում հազարից մեկ է պրեմիերա լինում ու ժամանակակից պար ընդհանրապես չկա: Ժամանակը ոնց որ կանգնած լինի:

Panorama.am -Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմում վերջին անգամ ե՞րբ եք հանդես եկել:

Լ.Հակոբյան- Գերմանիա մեկնելուց առաջ՝ 2007 թվականին, պարեցի Միրտայի դերը «Ժիզել» բալետում: 

Panorama.am-Հետևո՞ւմ եք Հայաստանի օպերայի և բալետի թատոնի գործունեությանը, ինչպե՞ս եք գնահատում հայ բալետի պարողների հնարավորությունները, այսօրվա հայկական բալետը:

Լ.Հակոբյան-Իհարկե, հետևում եմ: Նրանց մեծ մասին գիտեմ անձամբ, քանի որ նրանց հետ աշխատել եմ, երբ Երևանում էի, մեծ մասի հետ նաև սովորել եմ Պարարվեստի ուսումնարանում:  Բոլորը շատ լավ հնարավորություններ ունեն,  բայց, ցավոք, թատրոնում ոչ մի հետաքրքիր բեմադրություն չի կատարվում: Որպես բալետի արտիստ, որի կյանքը շատ կարճ է, դա շատ ձանձրալի է: Այստեղ՝ Գերանիայում, մենք տարին ամենաքիչը հինգ պրեմիերա ունենք:

Panorama.am-Ցանկանո՞ւմ եք կրկին ելույթ ունենալ հայկական բեմում և ի՞նչ  բալետում հանդես գալ կամ հենց Դուք բեմադրեք հայ պարողների մասնակցությամբ:

Լ.Հակոբյան- Երևանյան ռեպերտուարից կուզեի պարել Կարմենի դերը «Կարմեն»  բալետում Արմեն Գրիգորյանի բեմադրությամբ:

Panorama.am- Շնորհակալություն: Կսպասենք Ձեզ նաև հայկական բեմում:

Լուսանկարները՝ Լիլիթ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

 

Placeholder