ՀՊՏՀ-ում կիրականացվի նոր մագիստրոսական կրթական ծրագիր՝ «ՏՏ-ն բիզնեսում»
Կրթություն, գիտություն
12:42 03/12/2019
Հայաստան

ՀՊՏՀ-ում կիրականացվի նոր մագիստրոսական կրթական ծրագիր՝ «ՏՏ-ն բիզնեսում»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) 2020-2021 ուսումնական տարվանից կներդրվի մագիստրոսական նոր կրթական ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»:

Համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ծրագիրը  համալսարանի և ՏՏ-բիզնես ոլորտների իրական համագործակցության լավ օրինակ է, քանի որ ծրագիրն իրականացնելու է ՀՊՏՀ-ն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների՝ «ԱՐՓԻՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության հետ:

«Ծրագրի մշակման աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանց մասնակցում են ոչ միայն Տնտեսագիտական համալսարանի, այլև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առաջադրելով իրենց ոլորտների համար անհրաժեշտ հմտություններն ապահովող դասընթացներ: Սա կրթական ծրագրի օրինակ է, որի մշակմանը հատկապես ակտիվ մասնակցություն է ունենում գործատուն: Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից»,-ասված է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ։

Ծրագիրը կտևի 1,5 տարի, որից մեկ տարին կլինեն դասընթացները, իսկ կես տարին կհատկացվի հիմնական փորձառությանը և մագիստրոսական թեզի պատրաստմանը:

Այն կյանքի է կոչվում եռակողմ հուշագրի հիման վրա, որը նոյեմբերին ՀՊՏՀ-ում ստորագրել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և «ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշում է, որ Տնտեսագիտական համալսարանում այժմ վերափոխվում են մագիստրոսական կրթական ծրագրերը և փորձառությունների կազմակերպման ձևաչափը, ինչի համատեքստում մեծապես կարևորվում է գործատուների հետ հարաբերությունների հաստատումը:

Placeholder