Փոխվարչապետ. Մենք մի կողմից բացառություն արեցինք, բայց օրակարգում մնացել է մի խնդիր
Հասարակություն
12:23 09/12/2019
Հայաստան

Փոխվարչապետ. Մենք մի կողմից բացառություն արեցինք, բայց օրակարգում մնացել է մի խնդիր

Հայաստանի կառավարության դեկտեմբերի 5-ին որոշմամբ  կրկին թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով:

«Տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, ինչն ինքնին պարունակում է վտանգներ: Եթե փոփոխություններ չարվեն մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, պոտենցիալ հանրային վտանգ է: Այդ իմաստով մենք մի կողմից բացառություն արեցինք, ժամկետ տրամադրեցինք, որ  տվյալ գործողությունը  հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված այդ փոփոխությունը:

Նրա խոսքով, միաժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա պետք է աշխատեն.  այդ տեխնիկական փոփոխությունն ինչպե՞ս է իրականացվում, ինչպե՞ս պետք է իրականացվի որպեսզի լինի անվտանգ:

«Տեխնիկապես բարդ խնդիր է, սովորական երևույթ չէ ղեկի տեղափոխումը,  բայց պետք է անպայման լուծումներ գտնել»,- ասաց փոխվարչապետը:

Նա նշեց, որ իր հիշելով երեք ամիս ժամանակ է տրվում ղեկի տեղափոխություն իրականացնելու համար, բայց ընդգծեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե այն հանգամանքին, որ  կարելի է այդպես շահագործել, այլ ուղղակի հնարավորություն ընձեռվեց, որպեսզի այդ մեքենաների տեխնիկական  վերափոխումներն իրականացվեն Հայաստանի տարածքում, որից հետո նոր շահագործվեն:

Placeholder
Փոխվարչապետ. Մենք մի կողմից բացառություն արեցինք, բայց օրակարգում մնացել է մի խնդիր