«CO2». կինն ու տղամարդը գրեթե բանակցում են իրենց ապագայի մասին
Մշակույթ
17:30 10/12/2019
Հայաստան

«CO2». կինն ու տղամարդը գրեթե բանակցում են իրենց ապագայի մասին

«Թատրոն 8 թատերախումբը» հանդես է գալիս նոր՝ «CO2» բեմադրությամբ ստեղծված բրիտանացի դրամատուրգ Դունքան ՄքՄիլանի «Թոքեր» պիեսի հիման վրա:  Պատմությունը ամուսնական զույգի մասին է. կինն ու տղամարդը գրեթե բանակցում են իրենց ապագայի մասին՝ փորձելով հասկանալ, արդյոք այդ ապագան բավականաչափ հարմար և համապատասխան է երեխա ունենալու և մեծացնելու համար, որքանով է արդար կամ եսասիրական այդ պայմաններում մտածել երեխա ունենալու մասին և ի վերջո ինչ աշխարհ են ծնողները ժառանգում նրան:

Panorama.am-ի հետ զրույցում բեմադրող ռեժիսոր Գոռ Մարգարյանն ասաց, որ 50 րոպեանոց բեմադրությամբ անդրադարձել են այսօրվա անհանգստացնող թեմաների: Խոսքն առաջին հերթին շրջակա միջավայրի աղտոտվածության մասին է:

«Ամուսնական զույգը մտածում է՝ ունենա՞լ երեխա և արդյո՞ք երեխան կնպաստի, ինչ-որ մի բանով օգտակար կլինի այս մոլորակին: Արդյոք արժի՞ այսօր երեխա ունենալ, թե ոչ, ինչպիսի՞ միջավայրում կծնվի»,- նշեց նա:

Այս հարցերին այդպես էլ լուծում չի տրվում ներկայացման մեջ, քանի որ, ռեժիսորի խոսքով, յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ փակել ծորակը, թե ոչ, պլաստիկ շշերը նետել փողոց, թե օգտագործել դրանք:

«Յուրաքանչյուրիս որոշումն է, յուրաքանչյուրս փոքր բաներով նպաստում ենք մոլորակի աղտոտվածությանը և հակառակը»,- ասաց Գոռ Մարգարյանը:

Բեմադրող նկարիչն է Նելլի Բարսեղյանը: Գոռ Մարգարյանն ասաց, որ բեմադրության դեկորացիաները ստեղծված են օգտագործված պլաստիկ շշերից և պոլիէթիլենե տոպրակներից: Նա նշեց, որ Տարածաշրջանային թիվ մեկ քոլեջի ուսանողերի օգնությամբ մաքրվել է քոլեջի շրջակա տարածքը, հավաքված աղբից ստեղծել են ներկայացման ողջ դեկորացիան:

«Ներկայացման մեջ դերասանները կրում են արդեն օգտագործված հագուստ: Բեմում ինչ տեսնում ենք՝ արդեն օգտագործված իրեր են, որոնք  արդեն աղբ են, իսկ  մենք օգտագործել ենք որպես դեկոր»,- ասաց բեմադրող ռեժիսորը:

Դերերում հանդես են գալիս Մարիանա Եղիազարյանը և Հարություն Հովհաննիսյանը:
Ներկայացման առաջնախաղը եղել է դեկտեմբրի 7-ին Երևանում, այնուհետև  ցուցադրվել է Վանաձորում, իսկ այսօր արդեն գյումրեցիները կարող են դիտել «CO2»-ը:

Գոռ Մարգարյանի խոսքով, այս տարի այսքանով ծրագիրը կեզրափակվի: Նա կարծում է, որ հետագայում «CO2»-ն արդեն փառատոնային ճակատագիր կունենա. «Ասում են, որ ներկայացումն առանձնանում է թե թեմայով, թե լուծումներով, թե դերասանական խաղով: Ներկայացումն այլ գեղագիտություն ունի»:



Լուսանկարները՝ «Թատրոն 8 թատերախմբի» ֆեյսբուքյան էջից

 

Placeholder
«CO2». կինն ու տղամարդը գրեթե բանակցում են իրենց ապագայի մասին