Զայրացած Արամ Խաչատրյանի ստեղծած գլուխգործոցը՝ «Սուսերով պար»
Մշակույթ
13:31 12/12/2019
Հայաստան

Զայրացած Արամ Խաչատրյանի ստեղծած գլուխգործոցը՝ «Սուսերով պար»

Այսօրվանից հայաստանյան կինոթատրոններում  ցուցադրվում է մեծանուն հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող ռեժիսոր և սցենարի հեղինակի Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմը:  Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է նախօրեին: Դրանից հետո լրագրողների հետ հանդիպմանը Յուսուպ Ռազիկովն ասաց, որ Արամ Խաչատրյանի  «Սուսերով պար» ստեղծագործությունը, որը կոմպոզիտորը ստեղծել է շատ զայրացած վիճակում, հրամանով,  այսօր համարվում է դասական երաժշտության ամենահայտնի և ամենաշատը կատարվող գլուգործոցներից մեկը, իսկ Արամ Խաչատրյանը իր այդ ստեղծագորրծությունը «անհնազանդ ու աղմկոտ զավակ է» անվանել:

«Բարդ աշխատանք էր, քանի որ ցանկացած  սյուժեի հիմքը դրամատիկ իրավիճակն է: Արամ Խաչատրյանի դեպքում բավականին բարդ էր, քանի որ անհավատալի խելացի մարդ էր»,- ասաց բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր  ռեժիսորը:

1942 թվական, Մոլոտով (Պերմ)․ այստեղ է տարհանվել Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը: Մի քանի շաբաթից «Գայանե» բալետի պրեմիերան է, որը դեռ պատրաստ չէ։ Ստեղծագործությունն ավարտելու փորձ կատարելու ժամանակ կոմպոզիտորը բախվում է ցենզուրայի խիստ պահանջներին։ Վերջին փորձից առաջ Խաչատրյանը տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել ևս մեկ պար բալետի վերջին հատվածում։ Ութ ժամ անց ծնվում է «Սուսերով պար»-ը:

«Դրամատիկ  իրավիճակ էր, քանի որ նա արդեն համարում էր, որ բալետն ավարտված է: Զայրացած վիճակում ստեղծում է այն, ինչը զարմացրել և հիացրել է ողջ աշխարհին»,- նշեց Յուսուպ Ռազիկովը:

Ֆիլմում 39-ամյա Արամ Խաչատրյանի դերում հանդես է գալիս Համբարձում Քաբանյանը:

«Չգիտեմ՝ ինչքանով է հաջողվել ինձ մոտ: Ես սկզբում վախ ունեի, թե արդյո՞ք կարող եմ»,- ասաց դերասանը:

Նա նշեց, որ երբ արդեն հաստատվել է իր՝ այդ դերում հանդես գալը, սկսել է շատ գրքել կարդալ Արամ Խաչատրյանի, նրա ստեղծագործությունների մասին:

«Նկարահանումների ժամանակ միակ բանը, որ հարցնում էի՝ արդյո՞ք կարողանում եմ  դեմքի արտահայտությամբ, աչքերով արտահայտել այն, ինչ պետք է, արդյո՞ք կարողանում եմ փոխանցել էներգետիկան, քանի որ խոսքերն ինձ մոտ քիչ էր: Յուսուպն ասում էր՝ աշխատիր»,- պատմեց Համբարձումը:

Ֆիլմում հանդես է գալիս նաև դերասան Արման Նավասարդյանը:

«Մեծ պատասխանատվություն էր ինձ համար ստանձնել այդ դերը, հանդես գալ այդ կերպարում: Հետաքրքիրն այն է, որ հորինված կերպար է, պատմության մեջ հայտնի չէ: Գուցե Արամ Խաչատրյանի կողքին եղել է նման մարդ, բայց պատմությունից մեզ չի հասել նման տեղեկատվություն»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Դերերում հանդես են գալիս՝  Համբարձում Քաբանյան, Ալեքսանդր Կուզնեցով, Ալեքսանդր Իլյին կրտսեր,  Սերգեյ Յուշկևիչ, Վերոնիկա Կուզնեցովա, Իննա Ստեպանովա, Իվան Ռիժիկով,  Վադիմ Սկվիրսկիյ: Օպերատորն է Յուրի Միխայլիշինը: Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմը  «Մարս Մեդիա» կինոընկերության արտադրանքն է ՌԴ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ֆիլը մասնակցել է  Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոնին,  «Ոսկե Ծիրան» 16-րդ Միջազգային կինոփառատոնին, երաժշտության և կինոյի միջազգային փառատոնին Հարավային Կորեայում:

Ֆիլմի նկարահանումներն անցել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում։ Այնտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի և շուկայի բոլոր դեկորացիաները։ Բալետային տեսարանները, թատրոնի ներսի, պաշտոնյա Պուշկովի այցի և մյուս էպիզոդիկ մասերը նկարահանվել են Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում:

«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»,- ասել է Արամ Խաչատրյանը:

«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:
««Սուսերով պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել: Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել:

«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը։ - Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն, ինչպես օստինատային, կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »» (khachaturian.am):

«Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի:

Placeholder
Զայրացած Արամ Խաչատրյանի ստեղծած գլուխգործոցը՝ «Սուսերով պար»