Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիգրան Մանսուրյան. Փորձում եմ նաև գրաբարը բերել երաժշտություն և համապատասխան հնչողություն ստեղծել
Անցյալ տարի Ֆլորենցիայում տոնվել է Սան Միկելե եկեղեցու հիմնադրամ 1000 տարին: Եկեղեցու հիմնադիրը համարվում է ազգությամբ հայ հոգևորական Սուրբ Մինասը: Իտալացիները շատ կարևորում են եկեղեցու ազգային պատկանելիությունը: ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին առաջարկել են եկեղեցու 1000-ամյակի տոնակատարության առիթով գրել մի գործ:
«Իմ տրամադրության տակ էր սիմֆոնիկ նվագախումբ, մեծ երգչախումբ և մեներգիչ: Վերցրեցի Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանին» աղոթաշարից 7 աղոթք: Իտալացիներին պետք էր միայն լատինատառ գրել հայերեն տեքստը: Նրանք շատ հիանալի երգեցին: Սա ասում եմ իբրև օրինակ այն բանի, որ ես փորձում եմ նաև գրաբարը բերել երաժշտություն և համապատասխան հնչողություն ստեղծել նրա հետ, իրեն պահանջած հնչողությունը: Այստեղ հսկայական աշխատանք կա անելու»,- Հայաստանի ազգային գրադարանում «Երգի վերածված բանաստեղծություններ և բանաստեղծությունից ծնված երգեր» զրույց-քննարկմանն ասաց Տիգրան Մանսուրյանը:
Առայժմ այս աշխատանքը Հայաստանում չի հնչել: Մաեստրոն հույս ունի, որ այն կհնչի արդեն 2020-ին:
Խոսելով իր «Ռեքվիեմ» ստեղծագործության մասին, Տ. Մանսուրյանը հիշեցրեց, որ առաջարկ ստացել էր Գերմանիայից 2011 թվականին, տեքստը պետք է լիներ լատիներեն, առջևում 2015 թվականն էր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և պետք է պատրաստ լինել դրան:
«Շատ եմ ուսումնասիրել «Ռեքվիեմ» ժանրը: Նախ մտածեցի, թե ովքեր պետք է երգեն, ովքեր են իմ երգիչները: Իհարկե, այն զոհվածները, որոնց մեջ իմ ընտանիքն էր, իմ մեծ հայրը, մեծ մայրը Մարաշից էին, Տիգրանակերտից, բայց ես պետք է փնտրեի կենդանի մարդ: Ինձ շատ օգնեց իմ պատկերացումը մեր մանրանկարչության մեջ եղած մարդկանց դեմքերի վերաբերյալ: Այնքան հետաքրքիր են նրանք, այնքան զրնգուն դեմքեր են: Մեկ էլ մանրանկարչության մեջ այնքան հետաքրքիր պարադոքսներ կան, բայց շատ բնական պարադոքսներ են: Ինչու եմ ասում պարադոքս, որովհետև երբ որ «Ռեքվիեմ» ես գրում, կամ պետք է գնաս զգայնությունների ամենավատ կողմը՝ լաց, բողոք, սենտիմենտների պետք է տրվես, կամ պետք է տրվես մի ուրիշ տեսակ ձևախեղումների: Իմ համոզմամբ, լավագույնը կարող է լինել պարադոքսը:
Ես հասկացա, որ մանրանկարչության կերպարները պետք է երգեն «Ռեքվիեմի» տեքստը: Հետո ես տեսա, որ լատիներենը հայ երաժշտությամբ որ երգում ես, ճշգրիտ հայ մեղեդու մասին է խոսքը, ու մեկ էլ տեսնում ես՝ կորցնում ես ռեալության զգացումդ լեզվի հետ կապված՝ այդ ինչ լեզվով է՝ հայերե՞ն, թե՞ լատիներեն: Ես այստեղ տեսա, որ ելևէջը, որը հայերենի վրա է գոյացել, երբ որ իրեն դնում ես մի ուրիշ լեզվի հետ, այդ մեղեդին հիշում է իր ծագումը և պարտադրում է իր ծագումն այդ նոր լեզվին, որին դու միացրել ես: Դրանից է, որ այդ լատիներենը մի տեսակ հայերեն էր դառնում: Հետաքրքիր փորձառություն էր: Հիմա գիտեմ մեղեդին, երբ որ հիմքում հայերեն բառ է ունեցել, բայց ճիշտ, մաքուր երգված, այդ մեղեդին եթե բառերը հանես, միևնույնն է՝ հիշում է իր մեջ լեզվի կյանքը»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:


