Ինչպիսին կլինի «բարեփոխված» դպրոցը
Կրթություն, գիտություն
12:58 13/12/2019
Հայաստան

Ինչպիսին կլինի «բարեփոխված» դպրոցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր իրականացնում է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի  լրամշակում և վերանայում «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում և Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի միջոցով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

«Բարեփոխումների շրջանակում բացի հանրակրթության պետական չափորոշչի, վերանայվում են բոլոր առարկայական ծրագրերը մի քանի սկզբունքով: Մեզ  համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս ինտեգրացված դասընթացներ իրականացնել»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ այսօր աշակերտները մի շարք առարկաներ են ուսանում դպրոցնում, որոնք ներդրվել են ժամանակին տարբեր գերատեսչությունների, կառույցների հետաքրքրությունը բավարարելու տեսանկյունից, սակայն կարող են բովանդակային առումով   ինտեգրված լինել տարբեր առարկաների միջև:

«Հիմա շատ ենք դժգոհում, որ բավականին խիտ  են առարկաները: Դրա երկու պատճառ կա, հիմա փորձում ենք լուծել: Առաջին պատճառն այն է, որ շատ թեմաներ ենք փորձել մտցնել  առանց ճիշտ վերլուծելու, թե դրանք հանրակրթության ոլորտում ուսումնասիրվող թեմաներ են, թե մասնագիտական կրթության ոլորտում: Երկրորդ՝ տեսնում ենք, որ նույն թեման այժմ ուսումնասիրվում է  տարբեր առարկաների միջև, բայց առանց միջառարկայական  կապերը ստեղծելուն»,- ասաց Ա.  Անափիոսյանը:

Նրա խոսքով, ամենամեծ քննարկումները տարվում են այն ուղղությամբ, թե ինչպես են թեմաներն ընդգրկելու և ներառելու ավելի շատ առարկաների մեջ, որքանով են կարողանալու թեթևացնել առարկայական ծրագրերը՝ դարձնելով մատչելի ինչպես ուսուցիչների, այնպես էլ այն մարդկանց համար, որոնք կգրեն ուսումնառության և դասվանդաման նյութերը, որոնք արդեն ինքնին մատչելի կլինեն աշակերտներին:

«Նոր չափորոշիչով և առարկայական ծրագրերով, դրանց հենքի վրա մշակված ուսումնառության և դասավանդման նյութերով՝ դասագրքերով, մենք երկու բան ենք փորձում անել՝ բովանդակությունն ավելի դյուընթեռնելի, դյուրըմբռնելի դարձնենք, մատուցումը  ճիշտ  ձևով կառուցենք»,- նշեց փոխնարարը:

Նա հնարավոր համարեց առարկաների միավորումները, առարկաների բովանդակության փոփոխումը, ասաց, որ բովանդակության մեխանիկական կրճատում չի լինի: Փոփոխության են ենթարկվելու Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայ ժողորդի պատմություն առարկաները, ամբողջությամբ վերանայվելու  են բովանդակությունները:  

Ա. Անափիոսյանի խոսքով, միջազգային գործընկերները, նաև տեղի մասնագետները վստահեցնում են, որ բնագիտության դասավանդման լավագույն մեթոդն այն է, երբ մեկ առարկայի շրջանակում է լինում, իսկ հիմա դրանք առանձին են 7-9 դասարանների համար՝ առանձին քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն. «Մենք էլ ենք համամիտ դրա հետ, սակայն հաշվի ենք առունում, որ այս պահին մենք չունենք մանկավարժական կրթություն, որը պատրաստում է բնագետների, այլ պատրատում են առանձնացված մասնագիտություններով»:

Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությամբ, նրա խոսքով, մեծ ազատություն են տալիս դպրոցին, նաև ուսուցչին:

«Ուսուցիչն ունենում է առարկայական ծրագիր, ազատ է լինում կազմելու իր դասի պլանը, ազատ է լինելու ընտրելու դասավանդման նյութերը, գնահատման ենթակա հանձնարարությունները: Դպրոցը հնարավորություն կունենա դպրոցական բաղադրիչի հաշին ավելացնել առարկա, որը, կարծում է, որ տվյալ, օրինակ գյուղի զարգացման համար ավելի կարևոր է»,- ասաց փոխնախարարը:

Նոր առարկայական ծրագրերի փորձարկման փուլը լինելու է Տավուշի մարզում, դրանից հետո, նրա խոսքով, ամբողջ հանրապետությունում է ներդրվելու, նպատակն է 2023 թվականի սեպտեմբերին ունենալ վերջին խումբը, որտեղ կներդրվեն այդ ծրագրերը:

Արևիկ Անափիոսյանի  խոսքով, բարեփոխումների շրջանակում կմշակվեն նաև ուսումնառության և  դասավանդման նյութեր, տարբեր առարկաների համար տարբեր նյութեր կմշակվեն: 
Նա կարևորեց նաև ուսուսցիչների կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումը, որոնց ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում: Բարեփոխման շրջանակում նպատակ ունեն վերապատրաստման համար հավատարմագրել մասնագիտական զարգացում, վերապատրաստում իրականացնող կառույցներին: Դրանք կհավատարմագրվեն որոշակի չափանիշների հիման վրա: Փոխնախարարը հայտնեց, որ այժմ մշակում են ուսուցիչների ստանդարտներ, շուտով դրանց վերաբերյալ հանրային քննարկումներ կկազմակերպեն:

Placeholder