Սարդոստայնային արվեստի հայ վարպետը
Օրվա թեմա
13:03 17/12/2019
Հայաստան

Սարդոստայնային արվեստի հայ վարպետը

Կան ակադեմիական գրվածքներ, որոնք վկայում են, որ դեռևս 16-րդ դարում Արևելակենտրոնական Ալպերի հեռավոր հովիտներում վանականները ստեղծում էին նկարներ սարդոստայնից պատրաստված կտորների կտավների վրա: 100-ից քիչ հայտնի սարդոստայնային կտավներ են մնացել, որոնց մեծ մասը պահպանվում են անձնական հավաքածուներում: Վիքիպեդիայում կարդում ենք, որ 500 տարի անց 21-րդ դարում նկարիչ Անդրանիկ Ավետիսյանն աշխարհում առաջինը ստեղծում է ոչ թե սարդոստայնից ստացված կտորներ, որի վրա կարելի է նկարել, այլ պատկերներ է ստեղծում անմիջապես սարդոստայնից: Անդրանիկ Ավետիսյանը 2017 թվականին մասնակցել է Կաննի «Աշխարհի նկարիչները» ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին:

Անդրանիկ Ավետիսյանը բնակվում է Գյումրիում: Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ  մեծացել է արվեստագետի ընտանիքում, հայրը նկարիչ է եղել, փոքր հասակում հաճախել է նկարչական դպրոց, թեև չի սիրել նկարչությունը: Սակայն տարիների ընթացքում ցանկություն է ունեցել զբաղվել նկարչությամբ, ժամանակը չի բավարարել: Իսկ սարդոստայնային նկարչության միտքը պատահական է ծագել. «Պատուհանի անկյունում տեսա սարդոստայն, արևի ճառագայթների տակ շատ գեղեցիկ էր: Միտք առաջացավ՝ գուցե սարդոստայնից ստեղծեմ արվեստի գործեր: Սկսեցի ուսումնասիրել, փորձարկումներ անել: Այդ պրոցեսը տևեց երկու տարի:  Հետո արդեն սկսեցի պատկերներ ստանալ»:



Պատկեր ստանալու գործընթացը մի քանի մասից է բաղկացած: Նախ սարդոստայն գտնել, հավաքել, այնուհետև տեղափոխել ու սկսել աշխատել:

«Շատ բարդ գործընթաց է: Այնքան զգուշությամբ պետք է անել ամեն ինչ, որ հանկարծ էտապներից մեկում չփչանա սարդոստայնը: Այնուհետև գունավորում եմ: Փչացավ սարդոստայնը՝ այլևս նկար չի ստացվի»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Նա նշեց, որ երբ որոշել է զբաղվել սարդոստայնային նկարչությամբ, սարդեր է բերել ու փոքր տարածքում պահելու համար համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի իր ուզած ձևով ստանա սարդոստայն. «Այդ ճանապարհով սարդոստայն ստանալը շատ բարդ է, երկար ժամանակ է պահանջում: Որոշեցի՝ չպահել: Դրա համար հիմա տարբեր տեղերից եմ փորձում վերցնել: Լինում է ժամանակ 150-200 կիլոմետր գնում եմ, որպեսզի սարդոստայն վերցնեմ: Ընկերներ ունեմ, որտեղ տեսնում են, տեղեկացնում են ինձ»:

Տարեկան ստեղծում է 4-5 գործ, մեկ աշխատանքի վրա կարող է աշխատել 2-4 ամիս: Արդեն շուրջ 70 աշխատանք է ստեղծել:

Ի՞նչ պատկերներ է ստանում սարդոստայնով: Նա ասաց, որ իրեն ողջ գիտակցական կյանքում հետաքրքրել է՝ ինչ է կյանքը, տիեզերքը, տիեզերական էներգիան, մարդկային հարաբերությունները, այս ամենի սկիզբը: Հիմնականում իր աշխատանքներում անդրադառնում է  հենց այդ թեմաներին:

«Նաև ինձ մոտ մի տեսակ զգացողություն կա՝ ցանկացած զրույց, հանդիպում, ցանկացած տեղ գտնվել և այլն, այսինքն՝ իրավիճակներ կան, որ այդ պահը տեսնում ես գույնի ու ձևի տեսքով: Սկզբում թղթի վրա մատիտով եմ ստանում, հետո արդեն վերածվում է սարդոստայնային պատկերի»,- նշեց նա:



Ա. Ավետիսյանը դեռ մեկ աշխատանք է վաճառել 2017 թվականին Կաննի «Աշխարհի նկարիչները» ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսից հետո:

«Մեկ ասում եմ, վաճառում եմ, մեկ ասում եմ՝ ոչ: Այս պահին վաճառք չկա:  Ամերիկայում մարդ կա, փորձում է  զբաղվել իմ աշխատանքների վաճառքով»,- ասաց նա:

Ա. Ավետիսյանն աշակերտներ չունի, դեռ չի ցանկանում իր սարդոստայնային արվեստի տեխնիկան որևէ մեկի հետ կիսել: Չի բացառում, որ գուցե ինչ որ ժամանակ դա անի:  Գյումրիում ունի իր ցուցասրահը: Աշխատանքները ներկայացված են միայն այդտեղ: Նա Երևանում ցուցադրություններին մասնակցելու հրավերներ ստանում է, սակայն հրաժարվում է:

«Գյումրիում այս տարածքը ստեղծել եմ հենց դրա համար, որ  ցանկացողները գան ու այստեղ տեսնեն այն, ինչ ես անում եմ»,- ասաց Անդրանիկ Ավետիսյանը:

Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Ավետիսյանը: 

Placeholder