Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին
Քաղաքական
12:55 23/12/2019
Հայաստան

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին

«Մեր հանրությանը պետք է պատրաստել պատերազմի: Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին, մեր բնակչությունը պետք է այդ մասին իմանա, դրան պատրաստ լինի»,-«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» քննարկմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, որ իշխանություններն անընդհատ վստահեցում են, որ Հայաստանում  տեղի ունեցած գործընթացները  ժողովրդավարության այնպիսի մակարդակի են հասցրել երկիրը, որ ժամանակակից աշխարհում նման ժողովրդավարություն ունեցող  երկրի վրա հարձակում պարզապես բացառված է:

«Հենց դա են համարում անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը, ոչ թե բանակը, ոչ թե տնտեսության զարգացումը: Իհարկե, հասկանալի է, որ այս տեսությանը, ըստ էության, բացի իշխանություններից որևէ մեկը չի կարող հավատալ և ժողովրդավարության ընկալումն էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է  մեր հանրությանը: Բայց վերջին երկու տարվա զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում կա հանրության բավական մեծ զանգված, որը կուրորեն հավատում է  Նիկոլ Փաշինյանի շուրթերից  հնչող ցանկացած խոսքի: Մինչդեռ Ադրբեջանը վերջին մեկուկես տարում պարբերաբար, մեկը մյուսից մեծ մասշտաբային ռազմական զորավարժություններ է անցկացրել, ամեն ինչ արել է պատրաստվելու պատերազմի»,- ասաց քաղաքագետը:

Նա համոզված է, միայն մեկ բացատրություն կա, թե ինչու մինչև հիմա Ադրբեջանը պատերազմ չի սկսել՝ հայկական զինված ուժերի մարտունակությունը, պատրաստվածության աստիճանը:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը պատրաստվում է  պատերազմի, Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, Հայաստանի իշխանությունները վաղուց  չեն  նայում, թե ինչ է տեղի ունենում շուրջը, Նիկոլ Փաշինյանի հայացքն ուղղված է բացառապես Հայաստանի ներքին զարգացումներին, չունի արտաքին ռիսկերի գնահատման մեխանզիմներ, չկան այդ մարդիկ, չկա Հայաստանի առջև դրված այդ օրակարգը, չկան այդ ռիսկերին դիմագրավելու գիտակցություն, ցանկություն:

Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով, բանակցային գործընթացում միջնորդներն ու միջազգային հանրությունը խոսում են մեկ լեզվով, իսկ ՀՀ իշխանություններն այդ համագործակցության շրջանակներից դուրս է հայտնվել:

«Ըստ էության, մեր պետական դիրքորոշումը միջազգային հանրությանը հակադրվում է: Դրան հասնելու համար Ադրբեջանին շատ մեծ ջանքեր պետք չեն եղել: Ադրբեջանն օգտվել է նրանից, որ Հայաստանի նոր իշխանությունները գաղափար չունեին բանակցային գործընթացի տրամաբանությունից, գոյություն ունեցող վտանգներից, հնարավորություններից:  Առաջին հերթին Ադրբեջանը վերացրել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով  ստանձնած իր պարտավորությունները՝ այդ ամենը փոխարինելով վերելակային  կարճ, ոտքի վրա ձեռք բերված պարտավորություններով»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Placeholder
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին