Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն. ԵՊՀ-ում տեղի ունեցածի նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է
Քաղաքական
11:23 25/12/2019
Հայաստան

Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն. ԵՊՀ-ում տեղի ունեցածի նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ։

«Անընդունելի ենք համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի, ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի չպատճառաբանված կիրառումը։

Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և երիտասարդական շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ մարմինների ոչ համաչափ գործողություններով։

Իշխող կուսակցության կողմից հայտարարված «ԲՈւՀ-ական ինքնուրույնության» մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ամբողջական վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կառավարման խորհուրդների նկատմամբ։

ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝ օրենքով սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում։

Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին բացառապես գործել օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց»,-ասված է հայտարարության մեջ։

Placeholder
Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն. ԵՊՀ-ում տեղի ունեցածի նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է