Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի ավելի քան 70 երկրում գործում է Հայաստանի Հանրային խորհրդի նման կառույցներ: Բնականաբար, եթե դրանք չգործող կառույցներ լինեին, հազիվ թե այդքան երկիր պահեր դրանք: ՀՀ Հանրային Խորհուրդը ստեղծվել է 2008-ին: Ավելի քան 10 տարի կասկած չի եղել, արդյո՞ք արժի ունենալ այդ մարմինը: Սակայն վերջերս պարբերաբար բարձրաձայնվում է՝ արդյո՞ք արժի նման կառույց ունենալ, արդյո՞ք դրա գործունեությունն արդյունավետ է: Բոլոր քննադատություններից հետո, ի վերջո, հենց 2008-ից ՀԽ-ն ղեկավարող Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց այս տարվա նոյեմբերին, այժմ կառույցն ունի նոր նախագահ: Նրա ղեկավարությամբ ՀԽ-ն դեռևս նիստ չի հրավիրել:
Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, ինչի համար էր ստեղծվել Հանրային խորհուդրը, կա՞ հիմա այդ կառույցի անհրաժեշտությունը, երբ վարչապետն ինքը ունի և խորհրդականներ և փորձագետներ, նա պատասխանեց. «Հանրային խորհուրդն, ըստ էության, հարթակ, կամուրջ է իշխանության և հասարակության միջև: Հանրային խորհուրդն ուղղակի չպետք է պատկերացնել այն 45 հոգուն, որ խորհրդի անդամներ են: Հանրային խորհուրդը կազմված է 15 մասնագիտական, ոլորտային հանձնաժողովներից, տասնյակ, հարյուրավոր ՀԿ-ներ անդամակցում են յուրաքանչյուր հանձնաժողովին: Լավ հնարավորություն է հավաքվել, հարցեր քննարկել, առաջարկներ ներկայացնել: Այս առումով, որպես մոդել, երևույթ օգտակար եմ համարում Հանրային խորհրդի գործունեությունը»:
Նա ընդգծեց, որ ՀԽ-ում քննարկումների ժամանակ հանրության տարբեր հատվածների մոտեցումները, ձայնը հնչեցվում է, հետևաբար այն հանրային կառույց է:
«Այնտեղ հավաքված են տարբեր կենսափորձ, փորձառություն, գիտելիքներ, տարիք ունեցող անձիք, ամեն մեկն ունի իր մոտեցումները որևէ հարցի վերաբերյալ, երբեմն բավականին թեժ են անցնում քննարկումները, ինչը նորմալ է ու բնական»,- ասաց Մ. Ատովմյանը:
Ի՞նչ հարցեր կան, որոնք ՀԽ անդամը համարում է առաջնային ու ՀԽ առաջիկա նիստերի ժամանակ պետք է բարձարաձայնվեն: Մ. Ատովմյանն ասաց, որ ամենաառանցքայինը Հանրային խորհրդի ապագան է. «Կազմի որոշակի փոփոխություն է եղել, դրանից ելնելով՝ նաև ինչպես են պատկերացնում խորհրդի բոլոր անդամները խորհրդի հետագա գործունեությունը: Այն խնդիրները, որոնք կարևոր են հասարակության համար, կբարձրաձայնվեն»:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն, ՀԽ անդամ Գևորգ Մկրտչյանն ասաց, որ ՀԽ 15 հանձնաժողովներից յուրաքանչյուրը հասարակության գրեթե բոլոր հարթություններում բարձրացվող խնդիրները փորձագետների մասնակցությամբ քննարկում են, ներկայացնում են ձևակերպումներ ու ուղարկում համապատասխան գերատեսչություններ: Նա նշեց, որ այս առումով, Հանրային խորհուրդը, իրոք հանրային է, նաև ՀԽ անդամներն ընտրվում են հենց հասարակության տարբեր շերտերից:
Հարցին՝ ՀԽ-ն ծառայո՞ւմ է իշխանության շահին, Գ.Մկրտչյանն ասաց. «Դեռ չգիտեմ՝ ինչ է սպասվում առաջիկայում, բայց Հանրային խորհուրդում երբևէ նախկին նախագահի ժամանակ որևէ ձևաչափով, որևէ կարգով չի քննարկվել, չի խոչընդոտվել, չի պարտադրվել, հակառակը՝ հասարակության տարբեր շերտերից վերցրած խնդիրներ ենք քննարկել, մեր պատկերացումները, կարծիքն ազատ ներկայացրել ենք: Հանրային խորհրդում նման խնդրի ես երբևէ չեմ հանդիպել»: