Նախարար. Տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով
Տնտեսություն
11:48 26/12/2019
Հայաստան

Նախարար. Տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով

«Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ  երեկ Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբեր ամսվա և 11 ամիսների տնտեսական ցուցանիշներ:

«Պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար տնտեսական ակտիվության 10,1 տոկոս ցուցանիշով»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարևորեց, որ նոյեմբերին ապրանքների արտահանման 25,7 տոկոսով աճ ունեն, առևտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով,  ծառայությունների ծավալը՝ 11,9 տոկոսով, շինարարությունը՝ 4,8 տոկոսով:  Ն. Փաշինյանի խոսքով, 11 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5 տոկոս է, արդյունաբերության աճը 9,3 տոկոս, արտահանման աճը 9 տոկոս:

«Սրանք, իսկապես, բավականին լավ ցուցանիշներ են: Ի վերջո արձանագրում ենք, որ  այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանում»,-  ասաց նա: 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ դրական զարգացումներ ունեն ապրանքների արտահանման որոշ խմբերում. 11 ամիսներին կոնյակի արտահանումն աճել է 27 տոկոսով, գինիների  արտահանումը՝ 50 տոկոսով:

«Սա նոր զարգացում է  մեր տնտեսության մեջ: Նախորդ երկու տարիներին որոշ զարգացման միտումներ արդեն նկատելի էին, բայց այս տարվա 11 ամիսներին 24 միլիոն դոլար ընդհանուր արժեքով գինիների արտահանում է արձանագրվել, 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հատկապես հատկանշական է, որ մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով»,- ասաց նախարարը:

Տ. Խաչատրյանի խոսքով, բուսական ծագման արտադրանքի արտահանման աճը 18,5 տոկոս է, հիմնականում ջերմատնային պայմաններում աճած կուլտուրաներն են, մեծ աճ ունեն  վարունգի և ելակի արտահանման ուղղությամբ: Այս տարվա ընթացքում շոկոլադի արտադարանքի արտահանումն աճել է 15 տոկոսով, ինչը նոր զարգացում է տնտեսության մեջ:

«Այս ցուցանիշները նշանակում է, որ, կարծում եմ, տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով, տարեկան արտահանումը տարեկան կլինի  առնվազն 10 տոկոս»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: 

Placeholder
Նախարար. Տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով