Փաստաբան. Նորայր Փանոսյանի գործում հիմնավոր կասկածը բացակայում է
Իրավունք
13:20 09/01/2020
Հայաստան

Փաստաբան. Նորայր Փանոսյանի գործում հիմնավոր կասկածը բացակայում է

Քրեական գործում, որտեղ որպես մեղադրյալներ են ներգրավված  ՍԴ նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, նրա սանիկ Նորայր Փանոսյանը հիմնավոր կասկածը բացակայում է։ Panorama.am-ի հետ զրույցում նման պնդում արեց Փանոսյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ այսօր Նորայր Փանոսյանը կրկին կալանավորվեց։ Սարգսյանն ասաց, առաջիկա օրերին կբողոքարկեն որոշումը։

«Բացարձակ որևէ հիմնավորում չկա։ Դասագրքային կամ օրենսգրքայյին բառեր են գրվել»,-որոշման մասին ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, ինչի համար Փանոսյանին մեղադրում են, նա այդ ժամանակ պաշտոնատար անձ չի եղել։

«Որպես փաստաբան ես ասում եմ՝ հանիրավի կալանավորում է։ Մենք ներկայացնելու ենք առարկությունները, որոնցից որևէ մեկը  առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել։ Դրանցից ամենագլխավորն այն է, որ հիմնավոր կասկած առկա չէ, կալանավորման համար ոչ պայմանը, ոչ հիմքերը առկա չեն»,-ասաց նա՝ ձեռնպահ մնալով այլ գնահատականներից։

Ն. Փանոսյանին և Հրայր Թովմասյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քր. Օր-ի 308 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Ավելի վաղ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ իր համար մեղադրանքի առաջադրումը սպասելի էր, քանի որ  դեռ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին այդ մասին։

«Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի այդ ամբողջի մասին մի օր կխոսեմ...x, y, z քայլերը հրաժարական տալն էր»,-ասել էր ՍԴ նախագահը։

Placeholder