Ամերիկահայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»
Մշակույթ
10:52 14/01/2020
Աշխարհ

Ամերիկահայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»

Ամերիկահայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկար» մրցանակի: Նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Իռլանդացին» ֆիլմի համար: Այս մասին տեղեկանում ենք «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:

Ֆիլմի ռեժիսորն է Մարտին Սկորսեզեն: «Իռլանդացին» ֆիլմը նկարահանվել է  Netflix-ի պատվերով: «Իռլանդացի» ֆիլմն առաջադրված է  ընդհանուր 10 անվանակարգում, նաև «Լավագույն կինոնկար», «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում: Գլխավոր դերակատարներն են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Բոբբի Կանավելեն։ Ֆիլմը նկարահանված է  իրական դեպքերի հիման վրա: 

«Օսկար» մրցանակաբշխությունը կայանալու է 2020 թվականի փետրվարի 9-ին։

Սթիվեն Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում 1953 թվականին: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիո լրագրող:  Մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո: Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994, Օսկար մրցանակ), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների

Արժանացել է «Օսկար»,«Ոսկե Գլոբուս» և «Բաֆտա» մրցանակների՝ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի համար և առաջադրվել է «Արթնացումներ», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմերի համար։

Placeholder
Ամերիկահայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»