Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն. Փաշինյան
Տնտեսություն
11:59 16/01/2020
Հայաստան

Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն. Փաշինյան

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալական նոր համակարգի ներդրմանը։

Վարչապետի խոսքով՝  իր ղեկավարած կառավարությունն հենց առաջին օրից խնդիր է ունեցել ներդնել սոցիալական նոր համակարգ, քանի որ գործող սոցիալական աջակցության համակարգը մարդկանց տնտեսական ակտիվության չի խրախուսում:

«Կարող ենք արձանագրել, որ առնվազն նախնական մակարդակով կոնկրետացրել ենք մեր հայեցակարգային պատկերացումները, թե ինչ պետք է անենք: Համակարգի ձևավորման շուրջ աշխատանքները դեռ պետք է շարունակվեն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երեկ  այս թեմայով քննարկումներ են տեղի ունեցել և որոշվել է, որ բացի ԱՍՀ-ից, նոր համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքներին պետք է ներգրավվել այլ գերատեսչություններ:

Նիկոլ  Փաշինյանը նշեց, որ Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ։

«Իսկ այն մարդիկ, որոնք աշխատունակ են, նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ նրանց կարողանանք քաջալերել և համակարգային պայմաններ ստեղծել, որ նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջարկվող համակարգը շատ բարդ է, դեռ նախնական է, պետք է քննարկվի։ Ըստ նրա՝  առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, ինչպես նաև պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան մարդկանց կրթական կարիքները:

«Այսինքն՝ միշտ չէ, որ մենք պետք է ուղղակի մարդկանց ամսական որոշակի գումար վճարենք: Պետք է ճշգրտենք, այնպիսի օգնություն տրամադրենք, որպեսզի երեխաները և մեծահասակները  ստանան կրթություն, մասնագիտական  հմտություններ»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ պետք է հանրային քննարկումներ սկսել։

Placeholder
Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն. Փաշինյան