Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր
Առողջություն
19:51 18/01/2020
Հայաստան

Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր

Սեզոնայնության հետ կապված հիվանդանոցները ծանրաբեռնված են և  հիվանդ  ընդունելու  խնդիր են ունենում։  Շատ հաճախ հիվանդները կանգնում են փաստի առջև,  հատկապես, երբ մարզերից են գալիս: Խոսքը վերաբերում է մասնավորապես  վերակենդանացման բաժանմունքներին:

Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը panorama.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց, որ  տոնական օրերին սպասարկել են օրական միջինը 900 կանչ և ավելի։ Այսօր կանչերի թիվի իջեցման միտում կա,   մեկ օրվա ընթացքում գրանցվել է 760 կանչ։  Հիվանդների տեղափոխման ցուցանիշը տոնական օրերի հետ համեմատ ևս իջել է, օրական միջին ցուցանիշով  տեղափոխվում է  140 հիվանդ, մինչ այդ՝ միջինը  160 էր: Թեև տոնական օրերի համեմատությամբ կանչերի թիվը նվազել է, սակայն սեզոնայնության հետ կապված չենք կարող ասել , որ քիչ է: Ինչ վերաբերում է վերակենդանացման բաժանմունքներում  հիվանդների  ընդունման խնդրին, ապա  Ստեփանյանն ասաց, որ նման խնդիր գոյություն ունի  և վերակենդանացման բաժանմունքներում, և  առհասարակ հիվանդանոցներում՝ պատճառը մահճակալների  սղությունն է.

«Հիվանդների ընդունման խնդիրն առկա է Երևանի բամզապրոֆիլ  հիվանդանոցներում ։ Այսօր Ժամանակ առ ժամանակ  մենք ունենում ենք խնդիր վերակենդանացման բաժանմունքում հիվանդներին տեղավորելու խնդիր, դա վերաբերում է բոլոր բազմապրոֆիլ հիվանդանոցներին։ Ոչ միայն վերակենդանացման բաժանմունքում, այլև ընդհանրապես  խնդիր կա հիվանդների ընդունման խնդիր ՝ մահճակալների բացակայության պատճառով»,-ասաց Ստեփանյանը։

Իսկ, եթե հիվանդին մարզից հարազատները հասցնում են Երևան , առանց մարզային  շտապ օգնության կանչի, ապա խնդիրն էլ ավելի է բարդանում։ Բանն այն է, որ եթե կանչը գրանցվում է Երևանում, ապա շտապ օգնության մեքենան, կախված հիվանդի վիճակից ,  ապահովվում   տեղափոխությունը ՝ նախապես ճշտելով, թե որ հիվանդանոցում կա ազատ տեղ: Իսկ եթե հիվանդին հարազատները մարզից բերում են Երևան , ապա այստեղ խնդիրն էլ ավելի է դժվարանում :  Հիվանդանոցը չի ընդունում հիվանդին  վերակենդանացման բաժանմունքում ՝ մահճակալ չլինելու պատճառաբանությամբ, իսկ շտապ օգնությունը, եթե կանչը արված է հիվանդանոցից,ապա  հիվանդի տեխափոխության վայրը որոշելու է  տվյալ հիվանդանոցը:

«Երբ հիվանդը տեղափոխվում է հիվանդանոցից հիվանդանոց , ապա նախապես հիվանդանոցի բժիշկը պայմանավորվում է  այլ հիվանդանոցի մասնագետների  հետ և մինչ շտապ օգնության գնալը  հստակ է լինում, թե որ բաժանմունք պետք է տեղափոխվի հիվանդը:Այսինքն ՝ հիվանդանոցների միջև է լինում պայմանավորվածությունը»,-պարզաբանեց « Շտապ բուժօգնություն» ՓԲԸ–ի տնօրենը:

Ստեփանյանը կարծում է, որ նմանօրինակ խնդիրներից խուսափելու համար  պետք է ուղղակի ՝ համապատասխան բաժանմունքներում ստեղծել ավելի մեծ թվով  տեղեր, որպեսզի հատկապես այս  սեզոնին,  հիվանդների ընդունման խնդիրներ չառաջանան:
 

Placeholder
Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր